Հասարակություն

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Unknown 109 դիտում
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման մի շարք դեպքեր են բացահայտել հունվարի 12-ին և 13-ին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։

Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերեցին Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին։

Պարզվել է, որ մեքենայի 31-ամյա վարորդը «Համզա» հանդամասում ծառեր է ապօրինի հատել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:Վնասի չափը պարզվում է։

Ժամեր անց ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցների հետ «Համզա» հանդամասում ստուգայց կատարելիս նկատեցին Իջևանի 41-ամյա բնակչի «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որից քիչ հեռու 5 խմ փայտանյութ էր թափված։

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նշված հանդամասից ապօրինի հատել է ծառեր։

Փայտանյութն ի պահ է հանձնվել «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակիցներին։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից