Alibaba-ի հիմնադիրի անհետացման լուրերի կապակցությամբ` Եվրախորհրդարանում «խիստ անհանգստություն» են հայտնել

Եվրախորհրդարանի և Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նիկոլա Բերը չինական Alibaba համացանցային առևտրի հսկայի հիմնադիր Ջեք Մայի անհետացման լուրերի կապակցությամբ անհանգստություն է հայտնել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի անհետացումը բոլորիս համար խիստ անհանգստության առիթ պետք է լինի»,- ասել է Բերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «կոնկրետ հանգամանքների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, այնուամենայնիվ, առաջին դեպքը չէ, երբ Պեկինը սեփական երկրին ու համաշխարհային հանրությանը ցույց է տվել, թե ինչ կարող է տեղի ունենալ այն մարդկանց հետ, որոնք քննադատում են Չինաստանի բարձրաստիճան ղեկավարներին»։
Նշվում է, որ Alibaba-ի հիմնադիրը հանրությանը չի ներկայացել հոկտեմբերի վերջից. այդ կապակցությամբ սոցցանցերում սկսել են միլիարդատիրոջ անհետացման մասին լուրեր տարածվել:
Բերը նաև հայտնել է, որ Եվրամիության և Չինաստանի միջև ներդրումային համագործակցության համաձայնագրի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը կոնկրետ ձևակերպումներ չի պարունակում մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին:

Քաղաքականություն