Պետք է անգրագետ լինել՝ չհասկանալու համար, թե զինվորները, որ չեն ծառայելու Արցախում՝ ծառայելու են ՀՀ-ում շատ ավելի վատ պայմաններում. Կարեն Հովհաննիսյան

Թեև պաշտոնական որևէ հայտարարություն չկա այն մասին, որ Հայաստանից այլևս զինվոր չի մեկնելու Արցախ՝ սակայն փաստ է, որ նման բան իրականում կա, արձակուրդ եկած զինվորները՝ իրենց համար ևս անակնկալ կերպով հետ չեն վերադարձել Արցախ, թեև պատրաստված գնացել են, որպեսզի հետ վերադառնան իրենց ծառայության վայրեր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկությանը՝ թե Հայաստանից այլևս որևէ զինվոր ծառայություն չի անցնելու Արցախում։ 

 

«Արձակուրդի եկած զինծառայողները նոր վիճակահանությամբ մեկնել են ՀՀ զորամասեր՝ հետագա ծառայություն իրականացնելու համար։ Թե սա ինչ է իրենից ենթադրում՝ դժվարանում եմ ասել։ Ինչպես գիտենք ՝ մեր այն տարածքները, որոնք այժմ անցել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, հետևաբար՝ այդ զինվորները չեն կարող վերադառնալ, քանի որ իրենց վերահսկողության տակ գտնված տարածքները այլևս չեն գտնվում հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բայց սա քիչ հավանական եմ համարում, այստեղ ավելի շատ նկատում եմ այն չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման հետևանքները և ենթադրում եմ, որ սա ինչ-որ պայմանավորվածությունների՝ ՀՀ-ի նոր անակնկալ պարտավորությունների մասին է»։

Լրատվականի հետ զրույցում նա ընդգծել է, որ վստահ է, որ չնայած դրան՝ Արցախն ունակ է պաշտպանելու իր տարածքները, քանի որ ինչպես հայտարարել է գեներալ Վիտալի Բալասանյանը՝ այնտեղ պատրաստվում են Արցախի ենթակայության տակ գործող զինված ուժեր ստեղծել՝ բարձր վարձատրությամբ։ «Ես կարծում եմ, որ անպայման հաջողություն ունենալու են այս ոլորտում և ինչու չէ՝ կկարողանան ապահովել այն թվաքանակը, որն անհրաժեշտ է Արցախի անվտանգությունն ապահովելու համար»։

Անդրադառնալով համացանցում առկա ոգևորությանը, թե Հայաստանից էլ չեն գնալու Արցախ ծառայելու՝ նա նշեց, որ այստեղ անգրագիտություն է նկատում։ «Մարդիկ առնվազն պետք է անգրագետ լինեն, որպեսզի չհասկանան, թե որտեղ է գտնվում այժմ ադրբեջանական սահմանը և առնվազն պետք է տգետ լինեն, որ չհասկանան, որ առաջնագիծը մի քանի 100 կմ-ով առաջ է եկել և հասել է Գեղարքունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Սյունիք մարզ և այդ զինվորները, որ չեն ծառայելու Արցախում՝ ծառայելու են Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կրկին կանգնելու են թշնամու դեմ՝ շատ ավելի վատ պայմաններով՝ չկառուցված դիրքեր, չկառուցված կացարաններ, զորամասեր, վրանային պայմաններ։ Այսինքն, շատ ավելի վատ պայմաններով և ակնհայտորեն դեռևս չսահմանազատված տեղանքում է լինելու ծառայությունը, այնպես որ ես պարզապես չեմ հասկանում ոգևորությունը, որ կապված է այս հարցի հետ, դա առնվազն դավաճանություն է, որովհետև հայրենիքը զատել և մաս-մաս հայրենքի և պաշտպանության մասին խոսելն առնվազն դավաճանություն է»։

Քաղաքականություն