
Հայաստանում տարբեր ապրանքատեսակների գնաճ է արձանագրվում

«Թանկացումն ակնհայտ է, ամեն ինչն էլ թանկացել է։ Կարող է միսը չի թանկացել կամ քիչ է թանկացել, կամ մեկ ապրանք չի թանկացել, բայց միջինում ունենք շատ բարձր գնաճ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում մոնիթորինգ չեն իրականացվում։ Խնդիրը պետք է լուծվի պետական մարմինների աշխատանքի արդյունքում, ինչը չի արվում։
«Մենք մի քանի շաբաթ առաջ իրականացրեցինք մոնիթորինգ և հասկացանք, որ շուկայում խիստ տատանողական գներ են։ Մենք ունեցել ենք դեպք, երբ հաջորդ օրը երեկոյան մեր մոնիթորինգի նախորդ օրվա տվյալը փոխել ենք, որովհետև գին են փոխել։ Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչի համար կարելի է գտնել հիմնավորում՝ սկսած ձեռքբերման գներից, վերջացրած դրամի արժեզրկումով ու անկայուն վիճակով, որը կարող է հանգեցնել չարաշահումների։ Հաշվի առնելով առաջին երկու գործոնը, տնտեսվարողների կողմից լրացուցիչ սպեկուլյացիաների գնալու պարարտ հող է ստեղծվում»,- ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ պետք է պետական մարմինների կողմից հստակ մեխանիզմներ գործեն։
«Այս իրավիճակը կարող էր կանխվել բացառապես պետական վերահսկողությամբ։ Ապրանքը թանկացել է, բայց եթե պետական վերահսկողությունը սանկցիաներ կիրառելու մասին չի խոսում և սանկցիոն մոնիթորիգներ չի անում, դա չի կանխարգելվում։ Իսկ եթե մի բանը չենք կանխարգելելու, սպառողների շահերից բխող որևէ էֆեկտ չենք ստանալու, բացի խոսելուց ու արձանագրելուց ոչինչ չի մնալու, դա նշանակում է՝ ունենալու ենք ռեսուրսի անիմաստ կորուստ»,- ասում է Պիպոյանը։
Ըստ նրա՝ Վիճակագրական կոմիտեն այսպես թե այնպես առաջիկայում կհրապարակի թվերը, որից պարզ կդառնա, որ ունեցել ենք աննախադեպ գնաճ։
Նշենք, որ վերջերս ԿԲ խորհուրդը որոշել էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում գնաճը ցածր մակարդակի վրա է։ 2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից, փաստում է ԿԲ-ն։ Դեկտեմբերի թվերը դեռ չեն հրապարակվել, բայց հետագա ամիսների համար, ԿԲ-ն ավելի բարձր գնաճ էր կանխատեսել։ Հետևաբար, որոշում էր կայացվել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։