Աղետալի պատերազմը խլեց մեր լավագույն տղաների կյանքը. Ֆելիքս Ցոլակյան
Հարգելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի աղետալի երկրաշարժից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավերիչ երկրաշարժի զոհ դարձան շուրջ 25.000 մեր հայրենակիցներ, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան անօթևան, շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական պոտենցիալի և ենթակառուցվածքների զգալի մասը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Երկրաշարժից ավելի քանի երեսուն տարի անց, երբ երկրաշարժի վերքերը դեռ չէին հասցրել անգամ սպիանալ՝ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը նորից հայտնվել է աղետի մեջ:
Թշնամու կողմից սանձազերծված աղետալի պատերազմը խլեց մեր լավագույն տղաների՝ Հայրենիքի պաշտպանների կյանքը: Մեր լավագույն հերոս տղաները ընկան հերոսի մահով՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն Հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, ինչը պարտավոր է գիտակցել մեզանից յուրաքանչյուրը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թե երկրաշարժի, թե պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ անելիքներ դեռ շատ կան: Հարկավոր է հանդարտության և համերաշխության մթնոլորտում, ճիշտ և կշռադատված քայլերով վերջնականապես լուծել բոլոր խնդիրները, որի արդյունքում միայն՝ հնարավոր կլինի մեղմել մեր ժողովրդի ցավը:
Խոնարհումս երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին…
Խոնհարումս հանուն Հայրենիքի անմահացած մեր տղաների հիշատակին…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…