Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր  էր հաղթել այս պատերազմում, կամ հնարավո՞ր էր՝ ոչ կապիտուլյացիոն ակտ ստորագրել ավելի բարենպաստ պայմաներով,  պատասխանեց, որ չի կասկածում, որ դա հնարավոր էր։

«Առաջինը՝ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու՝ մենք ապագայում։ Ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի: Հայտարարում էին, որ օդը լիարժեք փակված է, պարզվեց, որ օդը լիարժեք բաց է ադրբեջանական օդուժի և անօդաչու սարքերի համար։

Կատարված սխալներն մասին ի դեպ հնչեցվել են նաև զինվորականների կողմից, մենք երկուսուկես տարվա ընթացքում լիարժեք չենք փորձել փակել օդը, որը հնարավոր էր, օրինակ 120 մլն դոլար պարգևավճարի փոխարեն, այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ։ Ակնհայտ է, որ գնվեցին գնվեց «ՍՈւ-30»-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնել հրթիռներ»,- նշեց Ռ․ Քոչարյանը։

Հարցին՝ թե հրթիռները, այսինքն, չեն եղել «Սու-30»-ի հետ, երկրորդ նախագահը պատասխանեց, որ չեն եղել և չէին կարող լինել․

«Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող ծախել երկրից դուրս։

Գումարները կային, կար  պայմանավորվածություն Ռուսաստանի հետ «ՏՈՌ» համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, «ՍՈւ 30»-երը գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր «ՏՈՌ» համակարգի համար։

Ըստ էության՝ մենք  ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի ենք եղել լիարժեք փակել օդը։ Եվ սա նորություն չէ։ Երկրորդ` ես կհամարեի՝ ամենից կոպիտ սխալներից մեկը այն փաստը, որ երրորդ օրը դադարեցրել են կանոնավոր բանակի համալրումը՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար»։

Նրա խոսքով՝ 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի․

«27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝  պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը»։

Նախագահի համոզմամբ՝ մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, իրենք մխրճվեցին ուղղակի մեր առաջնագծով և ուղղակի հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքերը։

«Ով գիտի Ղարաբաղը կամ պատկերացնում է քարտեզը, կարող է նաև պատկերացնել՝ ինչի մասին եմ ես խոսում։ Հարավում ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք, հենց առաջին օրը հետ քաշվեցինք, երկրորդ օրը և այդ 14 կմ-ով ադրբեջանցիք զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջեբրայիլ, հյուսիս, հետո Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերինի, Կուբաթլու, Զանգելան, և ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։

Հիմա պատճառը՝ ինչո՞ւ․ որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր РБК-ի իր հարցազրույցի ժամանակ՝ հոկտեմբերի 7-ին՝ հեսա կորպուրսը շրջապատեցինք, ջախջախեցինք և սա կփոխի ամբողջությամբ...»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է, որ այդ ամենը համաձայնեցված էր և վարչապետի ուղղակի հրահանգով էր այդ օպերացիան կատարվում, որը եղել է այս ամբողջ պատերազմի ժամանակ հայկական ուժերի ամենից մեծ ձախողումը:

 «Այդ օպերացիայի արդյունքում ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը, ուղղակի ջախջախվեց: Եվ դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ մենք չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար, մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել։ Ընդամենը պետք էր պաշտպանվել տասը օր՝ այդ ճնշումը կանգնեցնելու համար, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ուղղակի ողնաշարի ջարդման:

Գիտե՞ք ինչ էր, այդ Լելե-Թեփե սարը, իբրև թե մեկը տվեց, մենք հետ վերցրինք, ֆեյսբուքյան լայքերը գերակայեցին առողջ տրամաբանությունը և տվյալ օպերացիայի պարագայում մի քանի տասնյակ մարդկային կյանքեր և մի քանի տասնյակ խփված և այնտեղ թողնված զրահատեխնիկա: Շատ ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ պատերազմի համար: Կան ևս մի շարք այլ հանգամանքներ, որոնց մասին ևս կարելի է խոսել։ Չգիտեմ՝ այդքանն էլ երևի հերիք է ասել, որ այո, մենք ի վիճակի ենք եղել հաղթել այս պատերազմը»,-ընդգծեց նախագահը:

Քաղաքականություն

Պատահարներ