
Մեր քույրերը պատիվ ունեն. անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն. Արծրուն Հովհաննիսյան

«Իմ առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն։ Չեմ զարմանում քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն, և դա է մեր գոյության երաշխիքը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ փոխանցելով կոնտակտային տվյալներ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․
«Մեր գոյության այս ծանր պատերազմում հաղթանակը այլընտրանք չունի, սակայն հաղթանակը հեշտ չի տրվելու, այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք թէ ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։
Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։ Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումած ինձ աղաչում էր, որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք։ Վեր կացեք և քայլ արեք մեր գոյության պատերազմի համար։ 18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց»։