Ալեքսեյ Նավալնին ամբողջությամբ գիտակից վիճակում է, փորձում է վերհիշել իր թունավորմանը նախորդած իրադարձությունները
Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկի» նոր տեսակով, որն ավելի վտանգավոր է, քան դրա նախկին հայտնի տեսակները։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերմանական Die Zeit պարբերականը՝ հղում անելով անհայտ աղբյուրների։
Լրատվամիջոցը գրել է, որ Նավալնին պետք է մահանար ինքնաթիռում։ Նա ողջ է մնացել միայն «երջանիկ պատահականությունների շղթայի շնորհիվ»՝ օդաչուի գործողությունների, ով անմիջապես որոշում է ընդունել իջեցնել ինքնաթիռը, և բժիշկների, ովքեր անմիջապես նրան ատրոպին են ներարկել։
Die Zeit-ի ենթադրմամբ՝ Նավալնիին կարող էին թունավորել միայն ռուսական հատուկ ծառայությունները, քանի որ սովորական հանցագործները չէին կարող սինթեզել նման տիպի թույնը, իսկ Ռուսաստանի տարածքում այլ երկրի հատուկ ծառայությունները չէին կարող նման լուրջ գործողություն իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ Նավալնիին մշտապես հետևում էին։
Պարբերականը հետևություն է անում, որ Նավալնիի թունավորման հրաման կարող էր տալ միայն Կրեմլը։ Ըստ հոդվածի՝ գերմանացի բժիշկները թույնի մնացորդներ են գտել Նավալնիի ջրի շշի բերանին և նրա ձեռքերին։
Die Zeit-ը գրում է, որ քաղաքական գործչին կարող էր թունավորել նրան հետևող գործակալներից մեկը՝ թույնը քսելով այն բաժակին, որից քաղաքական գործիչը թեյ է խմել, կամ էլ թույնը լցրել են արդեն պատրաստ թեյի մեջ։
Ռուսաստանը հայտարարում է, որ Օմսկում կատարված անալիզները ցույց չեն տվել թույնի հետքեր Նավալնիի օրգանիզմում։ Իսկ Meduza-ի աղբյուրները հայտնել են, որ Օմսկում Նավալնիի մոտ եղել է թունավորման հստակ պատկեր, այդ պատճառով էլ բժիշկները նրան ատրոպին են ներարկել դեռ շտապօգնության մեքենայում։
Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։ Գերմանացի բժիշկները մի քանի օր անց դուրս են բերել նրան արհեստական կոմայից։
Միջազգային հեղինակավոր The Insider, Belling cat եւ Spiegel պարբերականները հայտնում են, որ Ալեքսեյ Նավալնին ամբողջությամբ գիտակից վիճակում է, խոսում է եւ փորձում է վերհիշել իր թունավորմանը նախորդած իրադարձությունները: Շարիթե հիվանդանցի հսկողությունն առավել ուժեղացվել է, քանի որ կրկնակի հարձակման հավանակությունը Նավալնու վրա դեռ պահպանվում է:
Ի դեպ, «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով 2018թ.-ի մարտին Մեծ Բրիտանիայում թունավորել էին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը։