Եթե աշակերտների թիվը գերազանցում է 20-ը, դասարանները պետք է կիսվեն խմբերի և դպրոց հաճախեն հերթականությամբ. Ժաննա Անդրեասյան

Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։

 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց, որ ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։ «Շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով, որի համար օգտագործվելու են տարբեր աղբյուրներ։ Մենք հավաքագրել ենք դպրոցներում խնայողությունների մասին տեղեկատվությունը, որի հիմնական աղբյուրները եղել են նախորդ տարվա երկրորդ կիսամյակում՝ գարնան խնայողությունները, որոնք գոյացել են, օրինակ, կոմունալ ծախսերի խնայողություններից, այն ծախսերից, որոնք հիմնականում խնայել են՝ առկա ուսումնական գործընթաց չիրականացվելու հետևանքով։ Միաժամանակ, հավելյալ միջոցներ կտրամադրվեն նախարարության կողմից»։

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր դպրոցի համար կգծագրվի ելքի, մուտքի, շարժի կանոններ, որովհետև հիվանդության տարածման ռիսկը բարձրանում է ավելի մեծ թվով մարդկանց ինտենսիվ շփման պարագայում։ «Փորձել ենք այնպիսի կանոններ սահմանել, որը կնվազեցնի ինտենսիվ շփումը։ Դրանցից են դպրոցների բոլոր մուտքերի օգտագործումը, որպեսզի դպրոց մոտք գործելու հնարավորությունը և դասասենյակին մոտ գտնվելու առանձնահատկությունից ելնելով՝ օգտագործվի տվյալ մուտքը։ Նույն նպատակին է ուղղված նաև դպրոցների ներսում աշխատակիցների և սովորողների շարժը կարգավորող կանոնների սահմանումը, որը վերաբերում է նրան, որ փորձեն կարգավորել ներսում անկանոն շփումները, ինչը կարող է դառնալ վարակի տարածման հավելյալ ռիսկ»։

Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցում ուսուցման կազմակերպումը իրականացվելու է՝ ելնելով նրանից, թե ինչ միջին խտության դասարաններ ունենք և ինչպես հնարավոր կլինի ապահովվել սոցիալական հեռավորությունը։ «Առաջարկվել է, որ մինչև 20 սովորող ունեցող դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվի ուղղակի սոցիալական հեռավորությունը պահպանելով, իսկ այն դպրոցներում, որտեղ դասարաններում սովորողների թիվը գերազանցում է 20-ը՝ աշակերտների թիվը պետք է սահմանափակել առավելագույնը 20 երեխայով, ինչը նշանակում է, որ դասարանները պետք է կիսվեն խմբերի և դպրոց հաճախեն հերթականությամբ՝ շաբաթական 3 օր, ինչի նպատակը միաժամանակ դպրոցներում գտնվողների թիվը նվազեցնել»։

Փոխնախարարն ընդգծեց, որ պարտադիր է ամեն օր դպրոցի ախտահանման ապահովումը այն պայմաններում, եթե դպրոցը կգնա 2 հերթի, իսկ դրան դպրոցը կգնա, միայն եթե ունենա համապատասխան ֆինանսական միջոցներ, նշանակում է, որ ախտահանման աշխատանքներ պետք է իրականացվեն յուրաքանչյուր հերթափոխից հետո։ «Միաժամանակ, երկու հերթափոխով աշխատելու դեպքում՝ ուսուցիչները հավելյալ աշխատելու համար պետք է ապահովվեն նաև համապատասխան վարձատրությամբ»։