Ինչու էին ուսանողները մեկնել Դիլիջան. մանրամասնում է Վալերի Բրյուսովի համալսարանը

Վալերի Բրյուսովի անվան համալսարանը տեղեկություններ է հայտնել Դիլիջանում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ.


«Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։


Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։


Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում` ուսանողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։


Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը խորին մտահոգությամբ հետևում է իրավիճակին և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության»։

Քաղաքականություն

Պատահարներ