
Թույլ չենք տալու հոշոտել Ամուլսարը, եթե ականջալուր չլինեն, այսօրվա ավտոերթը խաղաղ անհնազանդությունների սկիզբ կդառնա. Շիրակ Բունիաթյան

Շրջակա միջավայրի նախարարության մոտ Ամուսլարի շահագործման դեմ պայքարողները լուռ ակցիա էին իրականացնում, որից հետո ծափերով ազդարարեցին լուռ ակցիայի ավարտը: Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ երբ իրենք ավոտերթով շարժվել են դեպի Երևան, սադրիչ պահնորդները ճամփեզրին կայանած իրենց մեքենաները ձեռքով հանել ու շպրտելեն՝ հրահրելով բախում պոստում (Ամուլսարի հենակետ/խմբ./) կանգնած քաղաքացիների հետ:
«Մեր բնակիչներից մի քանի հոգու հարվածել են: Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են այնտեղ: Սա արել են նրա համար, որ մենք ճանապարհի կեսից հետ դառնայինք, ու այստեղ ակցիա չլիներ, բայց իրենք սխալ են հաշվարկել, որովհետև Ջերմուկում այնքան մարդ կա Ամուլսարի կողքին կանգնած, որ մենք այստեղ ենք, իրենք էլի այնտեղ են»,- ասաց նա:
Բունիաթանը հիշեցրեց՝ իրենք երկու կարճաժամկետ պահանջ էին առաջ քաշել, որից մեկը կատարվել է՝ վագոն-տնակները հետ են տարվել, հաջորդը այդ պահնորդներին Ամուլսարի տարածքից հեռացնելու պահանջն էր, որը դեռ չի կատարվել։ Նրա բնորոշմամբ՝ այսօր քաղում ենք դրա պտուղները: «Հիմա չեմ էլ ուզում պատկերացնել, եթե մենք ավտոերթով հետ գնանք ու այնտեղ տեսնենք այդ սադրանքը, ինչպիսի բախում է լինելու: Հորդորում եմ պատկան մարմիններին, կառավարությանը մինչև բնակչության հետ դառնալը միջոց ձեռնարկել այդ սադրանքը վերացնելու համար»,- շեշտեց նա:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պահանջը ՇՄԱԳ-ի և Ամուսլարում մետաղական հանքաարդյունաբերության թույլտվությունը չեղարկելն է: «Մենք թույլ չենք տալու հոշոտել Ամուլսարը: Կոչ ենք անում, որ մեզ ականջալուր լինեն, այլապես այսօրվա ավտոերթը սկիզբ կլինի հետագա խաղաղ անհնազանդությունների»,- ասաց նա:
Հարցին էլ՝ տևական ժամանակ է, ինչ ակցիաներ են անում, սակայն արձագանք չկա կառավարությունից, արդյոք աննպատակ չե՞ն այս ակցիաները, Շիրակ Բունիաթյանն ասաց. «Ես ինքս կարծում եմ, որ ի վերջո ժողովրդավար կառավարությունն ականջալուր է լինելու, չեմ կարծում, թե հավերժ պիտի չլսեն մեզ»: