Արցախի կառավարությունը առաջին նիստն է անցկացրել նախագահ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր, որը կառավարության անդամներին է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ նախագիծը մշակվել է ի կատարումն Արցախի նախագահի 2020-2025 թվականների ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի՝ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100 մլն դրամով՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով:

Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի պետական բյուջեն, ըստ նախագահի տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:

Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը:

Այնուհետև նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։

Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։

Նախագահը նաև կարևորել է հանրապետությունում ձևավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի առջև ծառացած երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ և զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից։

Քաղաքականություն

Պատահարներ