Բելառուսում ռուսների ձերբակալությունն այնքան էլ չի համապատասխանում Մոսկվայի և Մինսկի դաշնակցային հարաբերություններին

Կրեմլն անկնկալում է, որ հուլիսի 29-ի գիշերը Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներին մոտ ժամանակում ազատ կարձակեն: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա տեղեկություններ չեն տրամադրվել, որոնք կհիմնավորեին ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը:

«Բայց մենք հուսով ենք եւ անգամ վստահ ենք, որ մեր բելառուս գործընկերները ամենամոտ ժամանակում կպարզեն այս միջադեպը եւ ռուսաստանցի քաղաքացիներին կազատեն»,- ասել է Պեսկովը:

 

Նա հստակեցրել է, որ ձերբակալվածները ոչ մի հակաօրինական բան չեն արել, իսկ նրանց Բելառուսում գտնվելը ոչ մի կերպ կապված չէ բելառուսական գործերի հետ: «Հիմա արդեն մենք մեծ վստահությամբ կարող ենք ասել, որ այս ռուսաստանցի քաղաքացիները Բելառուս են եկել գնացքով, նրանք պետք է տարանցմամբ օդանավով մեկնեին այլ երկիր, նրանց ժամանելը ոչ կապ չունի բուն Բելառուսի կամ բելառուսական գործերի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ ռուսաստանցիները մասնավոր պահնորդական ձեռնարկության աշխատակիցներ են, նրանք օդանավից ուշացել էին եւ թռիչքի էին սպասում, «նրանք Ստամբուլի տոմս ունեին»:

 

Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ Բելառուսում ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունն այնքան էլ չի համապատասխանում Մոսկվայի եւ Մինսկի դաշնակցային հարաբերություններին: «Անկասկած, ռուսաստանցի քաղաքացիների, ընդ որում 33 քաղաքացու անհիմն ձերբակալությունն այնքան էլ չի տեղավորվում դաշնակցային հարաբերությունների շրջագծում, ինչը միանշակ է»,- հայտարարել է նա:

«Հենց այս պատճառով հույս ունենք, որ ամենամոտ ժամանակում այս միջադեպը կհստակեցվի մեր բելառուս գործընկերների կողմից, եւ քաղաքացիներին կազատեն»,- ընդգծել է Պեսկովը:

 

 

Պատահարներ