Պայմանավորված ֆուտբոլային խաղերի համար որակազրկված 6 անձ դատի է տվել ՀՖՖ-ին

Պայմանավորված խաղերի համար որակազրկված 6 անձ դատի է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Նրանց մեծ մասը ֆուտբոլիստներ են: Բոլորն էլ «Մասիս» ֆուտբոլային ակումբից են (նրանցից մեկը նաեւ «Արագածում» է հանդես եկել):

ՀՖՖ-ն պայմանավորված խաղերի մեջ ներգրավված լինելու համար այս 6 հոգու նկատմամբ տարբեր պատժամիջոցներ էր կիրառել, որոնց մասին հայտարարել էր հուլիսի 3-ին: Այդ անձինք են Վյաչեսլավ Ագաֆոնովը («Մասիսի» ֆուտբոլիստ, ցմահ արգելվել է զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ), Օլեքսի Բոնդարենկոն («Մասիսի» ֆուտբոլիստ, 1 տարի ժամկետով արգելվել է զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ, տուգանվել է 500 հազար դրամով), Օլեգ Գումենյուկը («Մասիսի» եւ «Արագածի» ֆուտբոլիստ, ցմահ արգելվել է զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ), Ալեքսեյ Սոլոսինը (ֆուտբոլիստ, «Մասիսի» ոչ պաշտոնապես դարպասապահների մարզիչ, «Մասիսի» ոչ պաշտոնապես 17% բաժնեմասի բաժնետեր, ցմահ արգելվել է զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ), Դիլիառա Շիգապովան («Մասիսի» դե յուրե 51% բաժնեմասի բաժնետեր, ցմահ արգելվել է զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ), Դմիտրո Կլիմակովը («Մասիսի» ֆուտբոլիստ, «Մասիսի» ոչ պաշտոնապես 17% բաժնեմասի բաժնետեր, ցմահ արգելվել է զբաղվել ֆուտբոլային որեւէ գործունեությամբ): Նրանք դատարան են դիմել՝ պահանջելով որոշումն անվավեր ճանաչել, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, վիրավորանքի համար ներողություն խնդրել, վիրավորանքով ու զրպարտությամբ պատվին եւ արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված եւ նյութական վնասները հատուցել:

 

ՀՖՖ-ի՝ որակազրկման որոշումները վերաբերում էին ոչ միայն Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից «Մասիսին», այլեւ Առաջին խմբի 3 այլ մասնակիցների՝ «Արագածին», «Տորպեդոյին», «Լոկոմոտիվին», ինչպես նաեւ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երեւանին»: Բոլոր այս ակումբներն էլ եւ նրանց մի շարք ներկայացուցիչներ տարբեր պատժամիջոցների էին ենթարկվել պայմանավորված խաղերի համար: Ընդհանուր առմամբ որակազրվել էր 58 անձ եւ 5 ակումբ, ու Առաջին խմբի 2019-20 մրցաշրջանը դադարեցվել էր: «Մասիսից» միայն վերը նշված անձինք չէ, որ որակզրվել էին, կա եւս 13 հոգի: Բացի այդ՝ ակումբը զրկվել է ՀՀ Առաջին խմբի 2019-2020 մրցաշրջանի առաջնության մասնակցությունից, եւ 2 տարի ժամկետով արգելվել է «Մասիսի» մասնակցությունը (թիմեր ներկայացնելը) ՀՖՖ կողմից կազմակերպվող որեւէ ֆուտբոլային առաջնության: Չեղյալ է համարվել 2019-20 մրցաշրջանի 11 խաղերի արդյունքը: Այդ խաղերում «Մասիսին» հայտարարվել է տեխնիկական պարտություն, իսկ հակառակորդ թիմերին՝ հաղթանակ: Առաջին խմբի առաջնության դադարեցման պահին «Մասիսը» 27 խաղից հետո 20 միավորով 17 թիմերի թվում 15-րդն էր:

Ակումբը բողոքարկել է իր վերաբերյալ կայացրած որոշումները, սակայն ՀՖՖ-ն այսօր՝ հուլիսի 30-ին, հայտարարել է, որ Բողոքարկման կոմիտեն մերժել է դրանք եւ որակազրկումները թողել ուժի մեջ: Նշվում է, որ բողոքարկման կոմիտեի որոշումը վերջնական է եւ բեկանման ենթակա չէ, եւ այն կարող է բողոքարկվել Սպորտային Արբիտրաժային Դատարանում (CAS): Մերժվել են նաեւ Բողոքարկման կոմիտե դիմած մյուս ակումբների՝ «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի», «Արագածի» բողոքները:

Քաղաքականություն

Պատահարներ