Արամուս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

 

Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղ ամյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։

Արամուսն Աբովյանի տարածաշրջանի կարևորագույն համայնքներից մեկն է: Մատնանշելով համայնքում առկա խնդիրների ծավալը՝ մարզպետը հույս հայտնեց, որ Տիգրան Գեղամյանն իր աշխատասիրության և երիտասարդական ավյունով լի նոր գաղափարների շնորհիվ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչի որակապես նոր համայնք ունենալու տեսլականը։
Համայնքում հրատապ բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից ու իրականանացվեն փոխվստահության ու փոխհամաձանության մթնոլորտում:

Մարզպետը միաժամանակ խոսեց Արամուս համայնքում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես՝ մանկապարտեզի կառուցման մասին, որի որակյալ և սահմանված ժամկետում իրականացման նկատմամբ հատուկ հսկողություն պետք է սահմանվի:

Քաղաքականություն