Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» - «Ինտեր» խաղում դարձել է գոլի հեղինակ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 34-րդ տուրի «Ռոմա» - «Ինտեր» խաղում դարձել է գոլի հեղինակ, հանդիպումից հետո այսպես է մեկնաբանել այն:
«Մենք այսօր շատ լավ խաղացինք, հատկապես երկրորդ կեսում, սակայն վերջում կորցրինք զգոնությունը և ձեռքից բաց թողեցինք հաղթանակը: Արդեն հինգ հանդիպում է խաղում ենք նոր տակտիկայով: Մենք զարգանալու դեռ շատ տեղ ունենք, բայց այս տակտիկայով արդեն երեք հաղթանակ ենք տարել: Դա նշանակում է, որ ճիշտ ուղղու վրա ենք:
Առաջիկա չորս հանդիպումներում կաշխատենք բարելավել մեր մարզավիճակը, որպեսզի պատրաստ լինենք Եվրոպայի լիգայի «Սևիլյայի» հետ հանդիպմանը: Այն ավելի բարդ խաղ կլինի մեր համար», - ասել է մեր ֆուտբոլիստը:
Նշենք, որ «Ռոման» ոչ-ոքի՝ 2:2 խաղալով «Ինտերի» հետ, վաստակեց 58 միավոր և պահպանեց 5-րդ տեղը: Սակայն հռոմեացիներին հետապնդող «Միլանն» ու «Նապոլին» այժմ ետ են մնում 2 միավորով: Նեապոլցիներն այս տարի հաղթել են Իտալիայի գավաթի խաղարկությունում և արդեն նվաճել են Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ ահա «Ռոման» ու «Միլանը» պայքարում են երկրորդ ուղեգրի համար: