Հուլիսի 1-ից կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ներկայացնում է, թե ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից՝ կուտակային վճարների գծով։ Նա մասնավորապես նշել է, որ մինչև 500 000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից:
Խաչատրյանի գրառումը՝ ստորև․
«Սիրելի հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:
Ի՞նչ է սա նշանակում:
Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների մի մասը պետության կողմից կատարելու հանգամանքը:
Եթե վարձու աշխատողը մինչև ս.թ. հուլիսի 1-ը ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25 000դր., հուլիսի 1-ից ամսական 500 000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25 000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77 000դր.: Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25 000 դրամից կդառնա 77 000 դր.: Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դր.:
Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500 000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25 000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77 000դր.՝ նախկին 25 000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1 020 000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77 000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:
Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1 020 000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն. դր., թե 10 մլն. դր., միևնույն է՝ նրանք կվճարեն ամսական 77 000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5մլն. դր. ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54 %:
Ամփոփելով՝ ս.թ. հուլիսի 1-ից՝
1)մինչև 500 000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից:
2)ամսական 500 000-1 020 000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25 000-77 000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25 000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դր.:
3)ամսական ավելի քան 1 020 000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77 000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25 000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25 000 դր.:
Հետևաբար, 2020թ. հուլիսի 1-ից կուտակային վճարների գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500 000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1 020 000 դր. շեմից բարձր աշխատավարձ ստոցողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով)»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
«ԲՀԿ», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազությունում
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել...