«Ժողովուրդ». Ո՞ւմ փոխարեն է Գեղամասարի համայնքապետը «օրենքով գողերին» գումար տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հորաքրոջ որդին՝ Նիկոլայ Ավետյանը, ներկայացրեց, թե ինչի համար են Հակոբ Ավետյանին կալանավորել, եւ ում փոխարեն է Գեղամասար համայնքի ղեկավարն «օրենքով գողերին» գումար տվել:
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել, իսկ ավելի ուշ կալանավորվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ այս գործով «օրենքով գող» Արսեն Երեւանսկին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելին, հայտնել էինք, որ կալանավորված անձանց մեջ է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Հայտնել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել կոնկրետ անձանց հետ:
Ըստ մարզում տարածված լուրերի՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ մարդկանց գումար է պարտք, եւ մարդիկ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարները: Նրանք օգնության են կանչել գողականներին, որպեսզի իրենց հասանելիք գումարները ստանան:
Ահա այստեղ էլ գործը հասել է դիվանբաշուն: «Օրենքով գող» Արսեն Երեւանսկին միջնորդավորված կամ ուղիղ եղանակով Հակոբ Ավետյանից պահանջել է վճարել մարդկանց գումարները, եւ այդ ողջ խոսակցությունները Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել են: Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը հենց գյուղապետարանի շենքից կալանավորել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:
Սակայն մեզ հետ զրույցում Հակոբ Ավետյանի հորաքրոջ տղա Նիկոլայ Ավետյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվել քրեական գործով: Ըստ նրա` Հակոբ Ավետյանը «օրենքով գողերի» հետ անձամբ կապ չի ունեցել. «Հակոբին քենակալը պարտք է ունեցել եւ դիմել է Հակոբին, բա՝ խնդրում եմ, արի օգնի, իմ պարտքը տուր: Հակոբը գնացել է, օգնել է եւ այդ պարտքը տվել է: Բայց ինչո՞ւմ են Հակոբ Ավետյանին մեղադրում:
Ըստ քրեական գործի, պարտատիրոջ կողմից մարդիկ են եղել, որոնց Ավետյանը չի ճանաչել: Այսինքն, այդ պարտատերը դիմել է ինչ-որ անձանց, որ գան եւ Հակոբ Ավետյանից իր քենակալի փողը ստանան: Հակոբ Ավետյանն էլ ընդամենը իր քենակալի փողը տվել է այդ մարդկանց: Ամբողջ գործընթացը այդպես է գնացել, Հակոբ Ավետյանը ընդամենը օգնել է իր քենակալին:
Հիմա գործը այսպես է. Հակոբ Ավետյանին մեղադրում են, քանի որ այդ փողերը գողականներն են պահանջել, ուրեմն նշանակում է, որ դու առնչվել ես քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ: Ցանկանում եմ, որ դուք ու բոլորը իմանան, որ Հակոբն ընդամենը տարել է իր քենակալի գումարն է տվել:
Ըստ Գեղամասար համայնքի ղեկավարի՝ հարազատի դատավորը, այս գործը լսելով, զարմացել է՝ նշելով՝ եթե մարդը «օրենքով գողի» գումար է պարտք ու այդ գումարը վերադարձնում է, ուրեմն պետք է բռնեք տանե՞ք: Հիմա եթե ես որեւէ մեկին պարտք եմ ու տանեմ պարտքս տամ, ու պարզվի, որ այդ մարդը գողական է կամ քրեական ենթամշակույթ կրող անձ է, ուրեմն ինձ պետք է իմ պարտքը տվյալ անձին վերադարձնելու համար բռնեք տանե՞ք. մի հատ աննորմալ բան է ստացվել, որի տակից չեն կարողանում դուրս գալ ու չեն էլ կարողանալու դուրս գալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում