ՊԵԿ պարզաբանումը՝ «ՀՀԿ բարքերը՝ ՊԵԿ-ում» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ

Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի՝ 09.06.2020թ-ի, «ՀՀԿ բարքերը՝ ՊԵԿ-ում» վերտառությամբ հրապարակման, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ ՊԵԿ-ն իր կարիքների համար մեկ անձից գնման ընթացակարգով իբրև թե վարձակալել է Երևան քաղաքի Քեռու փողոցի 35 շենքի 31 բնակարանը՝ 171 միլիոն 819 հազար 530 դրամով, չի համապատասխանում իրականությանը:

1. ՀՀ կառավարության 04.05.2017թ-ի Ն 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 23-րդ հոդվածի 4-րդ կետով հաստատված աղյուսակի 7-րդ տողի համաձայն, անշարժ գույքի վարձակալությունը ենթադրում է գնում մեկ անձից: Այդ իսկ պատճառով, ՊԵԿ-ը նշված գնումն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով: Արարատյան մաքսատուն-վարչությունն ու մաքսային ծառայությունը մեկտեղվել են մեկ վայրում՝ ապահովելով աշխատանքների արդյունավետ կազմակերպումը: Վարձակալված տարածքը գտնվում է Արարատյան մաքսատուն-վարչության անմիջապես հարակից տարածքում:

2. Քաղաք Երևան, Ծ.Իսակովի պողոտա թիվ 10/16 հասցեում գտնվող, 1836.38 քմ. մակերեսով վարձակալված տարածքը ունի 4 համասեփականատեր՝ Բեռնի Վիլդենմանն, Անդրեա Պետրա Վիլդենմանն, Արամ Գրիգորի Ստեփանյան և Դավիթ Ալբերտի Իսահակյան: Արամ Գրիգորի Ստեփանյանն, ով իրականում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի դստեր ամուսինն է, հանդիսանում է չորս համասեփականատերերից ընդամենը մեկը և պայմանագրում հանդես է գալիս որպես համասեփականատեր և 2 համասեփականատերեր՝ Բեռնի Վիլդենմաննի և Անդրեա Պետրա Վիլդենմաննի լիազորված անձ:

3. Հրապարակման մեջ նշված հասցեն՝ Երևան քաղաքի Քեռու փողոցի 35 շենքի 31 բնակարանը, հանդիսանում է Արամ Ստեփանյանի հաշվառման հասցեն և որևէ առնչություն չունի ՊԵԿ վարձակալած տարածքի հետ: Այն պայմանագրում ամրագրվել է ընդամենը որպես համասեփականատերոջ և լիազորված անձի հաշվառման հասցե: Ի դեպ նշված հաշվառման հասցեն գտնվում է Երևան քաղաքի միանգամայն այլ վարչական շրջանում՝ Արաբկիրում, այն դեպքում երբ ՊԵԿ վարձակալած տարածքը տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում:

4. Հրապարակման մեջ մշված՝ 171 միլիոն 819 հազար 530 դրամի մասին: Այս գումարը ներառում է Իսակովի պողոտայի վարձակալած տարածքի վարձավճարը՝ 2020թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսների, ինչպես նաև 2019թ-ի օգոստոսի 13-ից մինչև 2019թ-ի դեկտեմբերի ժամանակահատվածը (մոտ 17 ամիս): ՊԵԿ վարձակալած՝ Ծ.Իսակովի պողոտա թիվ 10/16 հասցեում գտնվող, 1836.38 քմ. մակերեսով տարածքը, վարձակալվել է մինչև 2025 թ-ի դեկտեմբերի 31-ը: Գույքի ամսական վճարը կազմում է 10.340.000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերն ու պարտադիր այլ վճարները:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին