Վրաստանի արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը
Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։
Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունը հայտնեց Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:
Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։
ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորեց երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:
Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ կատարվեց նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...