Արձանագրվել է 280-ով պակաս պատահար, զոհերի նվազել են 22-ով. ոստիկանապետը տվյալներ է ներկայացնում

Ոստիկանության պետ Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովոմ նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ անդրադարձավ ճանապարհատրանսպորտային խախտումների կանխման համար ներդրված տուգանային համակարգի աշխատանքներին։ Ոստիկանապետը հիշեցրեց, որ հունվարի մեկից ճանապարհատրանսպորտային ոլորտի որոշ իրավախախտումների համար ներդրվել է տուգանային միավորների համակարգը։ Նա նշեց, որ համակարգի կիրառման արդյունքում 2020 թվականի 5 ամիսների ընթացքում տուգանային միավոր նախատեսող վարչական իրավախախտումների գործերով կայացվել է 129 195 որոշում, 778 անձի նկատմամբ կիրառվել է 9 և ավելի տուգանային միավոր, 71 անձի նկատմամբ կայացվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում, որոնցից 40-ի նկատմամբ որոշումներն արդեն սահմանված կարգով մտել են ուժի մեջ։ Ըստ նրա՝ չնայած այն համակարգին , որ տուգանային միավորների համակարգը գործում է դեռևս միայն տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով, արձանագրված իրավախախտումների դեպքում արդեն տեսանելի են որոշ դրական արդյունքներ։

«Հունիսի 4-ի դրությամբ 2019 թվականի համեմատ արձանագրվել է 280-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, ունենք զոհերի նվազում -22 և վիրավորների նվազում -357»,- ասաց ոստիկանապետը։ Զոհերի թվի նվազումը ոստիկանապետը պայմանավորում է բալային համակարգի ներդրմամբ՝ նշելով, որ պատահարների ու զոհերի թիվը հիմնականում նվազել է Երևանում։ Նա նշեց,որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն էլ այստեղ դեր ունեն, սակայն նախքան այդ սահմանափակումներն էր դրական դինամիկա սկսել արձանագրվել։

«Մի կարևոր փաստ՝ այս ցուցանիշը արձանագրվել է 2018 թվականի համեմատ շուրջ 217 հազար ավելի տրանսպորտային միջոցի, իսկ 2019 թվականի համեմատ շուրջ 137 հազար ավելի տրանսպորտային միջոցի առկայության պայմաններում»,- հավելեց ոստիկանապետը։

Քաղաքականություն