42 միլիարդ դրամի չափով վերադարձվել է ԱԱՀ պարտքը․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցում է ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը, որի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2019-ը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար:
«Հայաստանի կառավարությանը հաջողվեց նախատեսվածի 104 միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որից 62 միլիարդ դրամը դարձավ պետբյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով գումար վերադարձվեց ԱԱՀ պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը», - ասաց Փաշինյանը և տեղակացրեց նաև, որ հաշվետու ժամանակի ընթացքում արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական աճ։
Քանի որ բյուջեի կատարողականը քննարկվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, օգտվելով առիթից վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան՝ այս ընթացքում կատարված աշխատանքի համար: «Կարծում եմ, որ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսվել են Դավիթ Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-նշեց վարչապետը: