Կոտայքի մարզպետը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին․
Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ,
Աշխարհով մեկ տարածված համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:
Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ Կոտայքի մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում սահմանե՛լ ավելի խիստ վարչական ու հանրային վերահսկողություն:
Մեր մարզի յուրաքանչյուր բնակչի առանձնահատուկ հորդորում եմ՝ խստորեն պահպանե՛լ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը, հանրային վայրերում, տրանսպորտում լինե՛լ բացառապես դիմակով, զե՛րծ մնալ մարդկային կուտակումներից ու հերթերից: Իսկ նման երևույթներ նկատելու դեպքում բարեկամաբար խնդրեք՝ չվտանգե՛լ ձեր, իրենց ու բոլորիս հարազատների կյանքը և միանա՛լ համավարակի դեմ մեր միասնական պայքարին :
Առողջ եղե՛ք