Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել զանգվածային միջոցառումների կազմակերպումը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացելով նիստը՝ վարչապետը նշել է.
«Հարգելի գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը և վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ մեր հետագա գործողությունները»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վիճակագրության, ապաքինման և մահացության ցուցանիշների, պացիենտների առողջական վիճակի, անախտանիշ դեպքերի մեկուսացման նկատմամբ առողջության առաջնային պահպանման օղակի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքների վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է վարակի տարածման դինամիկային և դրան համահունչ՝ առողջապահական համակարգի կարողությունների ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Ապա վարչապետին զեկուցվել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վերահսկողական միջոցառումների և դրանց արդյունքում՝ հանրության վարքագծի փոփոխությունների, պաշտպանիչ միջոցների կիրառման հետ կապված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել առանձին վարչական շրջաններում իրականացվող «ռեյդերի» արդյունավետությանը, տեսչական մարմինների և ոստիկանության կանխարգելիչ գործողություններին: Քննարկվել են առավել ռիսկային ոլորտներում կանխարգելիչ կանոնների պահպանման հետ կապված իրավիճակը, արձանագրված խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:
Հետագա անելիքների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ, որոնցում գերակշիռ է եղել վերահսկողության միջոցառումների առավելագույնս խստացման առաջարկը:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է․
«Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...