ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Այս մաին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը՝ տարեցտարի նվազեցնում է համալիր հարկային ստուգումների քանակը: Առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը, ինչն էլ իր հերթին ապահովում է իրական ցուցանիշներ:

Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 839 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 900 հարկ վճարող): Հատկանշական է, որ այս տարի հաստատված ծրագրում ընդգրկված հարկ վճարողների շուրջ 97%-ը կազմում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 70%):

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2019թ. իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշի 50%-ից ավելին: Հետևաբար՝ ավելի քիչ վարչարարությամբ, և հարկ վճարողների ավելի փոքր թվաքանակով՝ համալիր ստուգման կենթարկվի հայտարարագրված իրացման շրջանառության համեմատաբար մեծ ծավալ:

2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող ստուգումների պլան») ենթաբաժնում, հետևյալ հղմամբ։
 

Քաղաքականություն