«Նա քաղաքական գործոն չէ եւ չի էլ եղել». Գեւորգ Պետրոսյանն անդրադառնում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Ես առհասարակ աշխատում եմ Ալեն Սիմոնյանին չանդրադառնալ, որովհետեւ նա քաղաքական գործոն չէ եւ չի էլ եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի` եթե պետք լինի ժամը մեկ հանրաքվե կանեն հայտարարությանը: «Թեթեւամիտ ձեւով խոսել հանրաքվե անցկացնելու իշխանության իրավունքի մասին, որեւէ մեկը, առավել եւս նա իրավունք չունի: Ալեն Սիմոնյանը ոչ մի կապ չունի ժողովրդավարության ինստիտուտի հետ: Ասել, որ ժամը մեկ, երբ պետք լինի կարող են հանրաքվե անել, ուղղակի ծաղր է ժողովրդական քվեի նկատմամբ»,– ասաց նա։
Պետրոսյանն այս առիթով «ֆեյսբուքյան» իր էջում գրել էր. «Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»...Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն: Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»: Եւ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե: Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել... Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս...Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա... Որ ինքը, իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու...Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը…»։
Ալեն Սիմոնյանն էլ Պետրոսյանի այս գրառմանն ի պատասխան արձագանքել էր. «Լավ, սաղ հեչ, ինչ գրել գրել ա` Աստված իրա հետ, բայց մեկը կարող է բացատրել, խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներով»:
Անդրադառնալով ԱԺ փոխոսնակի այս բովանդակությամբ գրառմանը՝ Պետորսյանը հակադարձեց. «Ես նկարվել եմ Լոռվա մարզի չնաշխարհիկ վայրերից մեկում, եթե ինքը նման վայրերում փողկապ է կապում, որպեսզի փողկապով «սվաղի» իր թերությունները, ապա ես նման խնդիր չունեմ: Ինչ վերաբերում է փայլուն կոշիկներին` դա իմ մաքրասիրության վկայությունն է, ինչից այսօր շատերը հեռու են»:
Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք` Ազգային ժողովում իր դիմակ չկրելու հանգամանքին կրկին անդրադարձ եղե՞լ է, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ասել եմ ու կրկնում եմ` չեմ կրելու, անկախ նրանից, թե իմ այս որոշումը ինչ կարժենա ինձ համար»: