Զարուհի Բաթոյանը՝ ԱՍՀՆ նախկին աշխատակիցների կողմից իր հասցեին արված քննադատություններին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրում է.
«Սոցիալական ցանցերում հանդիպում են նախարարության կամ նախարարության համակարգում գործող կազմակերպությունների նախկին աշխատակիցների կողմից արված «սուր մեկնաբանությունների» կամ «նախարարությունում տիրող բարքերի բացահայտման» փորձերի: Երբեք դրանց չեմ արձագանքել, բայց ինձ համար առնվազն անհասկանալի է, երբ, մեկ տարում 110 ուշացած, ընթացք չտրված, կորած գրություն ունեցող բաժնի աշխատակիցները համարում են, որ լավ են աշխատել ու իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք է եղել: Խոսքը տասնյակ երեխաների վերաբերյալ գրությունների մասին է: Ինձ համար նույնքան տարօրինակ է, երբ ամիսներ շարունակ աշխատանքի չներկայացած մարդիկ կամ, որոնց կատարողականի մեջ ամենից հաճախ կրկնվող արտահայտությունը «մասնակցել եմ հանդիպումների»-ն է, համարում են, որ իրենք բարեփոխումների հիմքում են: Այս մարդկանց խորհուրդ կտամ օգտվել առիթից և գոնե մասնավոր դասընթացների մասնակցել մեդիագրագիտության, լեզվի և համակարգչից օտգվելու իրենց իմացությունը բարելավելու համար, ի վերջո, բոլոր բնագավառներում դրանց կարիքը կա, լինի կինո, թատրոն, լրագրություն, թե քաղաքականություն։
Էլ չեմ խոսում նրանց մասին, որոնք ի պաշտոնե աչք են փակել նախկինում արված ապօրինությունների կամ անգործության վրա և այժմ ցանկացած նշանակում կամ բարեփոխում ներկայացնում են որպես աղաղակող ապօրինություն կամ անարդարություն։
Ինձ համար աշխատանքային հարաբերություններում սկզբունքային է երկու բան՝ գործընկերային փոխվստահությունը և աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը: Մարդիկ, որոնք փորձել են շրջանցել այս սկզբունքները՝ վտանգելով ամբողջ համակարգի բնականոն աշխատանքը, այսօր այլևս մեզ հետ չեն աշխատում:
Յուրաքանչյուր դեպքով իրականացվել է ներքին քննություն, պարզվել են բոլոր հանգամանքները, և բոլորի դեպքում, կրկնում եմ՝ բոլորի դեպքում կան հստակ պատասխաններ:
Ի դեպ, ամեն դեպքում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին աշխատակիցներին որևէ պաշտոնում վերցնելիս ազատ խոհրդակցեք նրանց նախկին ղեկավարների հետ, հնարավոր է, որ իրոք լավ կադր է և չստացվի, որ այս գրառմանս պատճառով ստվեր եմ գցում որևէ մեկի վրա: Ի վերջո, մարդիկ նաև այլ պատճառներով են հեռացել նախարարությունից, այդ թվում՝ անձնական»: