Վերջին օրերին ավելացել են ծայրահեղ ծանր դեպքերի քանակը․ «Սուրբ Գրիգոր Լուսավորի» ԲԿ տնօրեն
Ապրիլի 2-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, լինելով բազմապրոֆիլ ԲԿ վերապրոֆիլավորվել է որպես նոր կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման ԲԿ և այսօր իր մահճակալային ֆոնդով համարվում է ամենամեծը։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ մոտ 500 մահճակալ կա, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքի մահճակալային ֆոնդն է կազմում, իսկ 420-ը՝ ընդհանուր բաժանմունքների։
«Այսօր 95 տոկոսով զբաղված են վերակենդանացման բաժանմունքում և մոտ 80 տոկոսով ընդհանուր բաժանմունքներում։ Մինչև այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ընդունել է նոր կորոնավիրուսային վարակով մոտ 1470 հիվանդի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր։ Ընդ որում, ծայրահեղ ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն այս օրերին ամենասուղն է»,- ասաց Հովակիմյանը։
«Վերջին օրերին ավելացել են ծայրահեղ ծանր դեպքերի քանակը, դրա համար խնդրում ենք պահպանել պարետատան բոլոր կանոնները»,- ասաց ԲԿ տնօրենը։
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցուցանիշները գրանցվել էին մայիսի 24-ին՝ 452 դեպք, և մայիսի 27-ին՝ 442 դեպք: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 120 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մայիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 45 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի էիվը հասել է 165-ի։