Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման կարգը. ԱՆ
COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):
Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել:
Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով: Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր և չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաև պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ:
Ձեռնոցները, դիմակները և տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ՝ նախքան այն որպես թափոն հեռացնելը:
Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:
Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, ընպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն):
Պետք է հաճախակի մաքրել և ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը և սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի և ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով՝ սովորական կենցաղային լվացքի փոշիով՝ 60-90 °C ջերմաստիճանի պայմաններում և լավ չորացնել:
Մակերեսները մաքրելիս և աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով և ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով: