Բացահայտվել է Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը
2020 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ հատվածի, ստորին ծնոտի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված վնասվածքները ստացել է համաքաղաքացու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Չարենցավան քաղաքի 39-ամյա բնակիչ է:
2020թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացել նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: