Հեղափոխությունից հետո էլ բան չփոխվեց. Խաբեությամբ բնակարանից զրկված քաղաքացին շարունակում է ապրել փողոցում
Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքացի Արմեն Խալոյանին դարձրել է անօթեւան, հասցրել մինչեւ ազատազրկման, իսկ խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել: Արմեն Խալոյանը զանգահարել էր Ռադիո Ավրորայի ուղիղ եթերիներից մեկին եւ «Օրվա հարցը» նախագծի շրջանակներում ներկայացրել իր դժգոհությունը երկրից, օրենքներից ու ղեկավարներից: Քանի որ ներկա պահին կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում կարանտին է, Արմենի հետ անձամբ հանդիպել չէինք կարող: Բայց նրա հետ խոսեցինք հեռախոսով, հասկանալու համար խնդիրը: Նյութը շարադրված է նրա խոսքից:
Սկսենք սկզբից
Դեռ խորհրդային տարիներից, Արմեն Խալոյանը մոր հետ միշտ բնակվել է Երեւանի Չեխովի փողոցի 33 շենքի թիվ 7 հասցեում: 1994թ-ին բնակարանը սեփականաշնորհվել է, ընդհանուր համատեղ սեփականության իրավունք է ձեռք բերվել: Այս դեպքում երկուսն էլ՝ մայր ու տղա հանդիսացել են համասեփականատեր: Խալոյանն ամուսնացել է արտասահմանցու հետ, մի քանի տարի ապրել Լատվիայում, ժամանակավոր բացակայելով երկրից: 2003թ-ին եկել է Հայաստան ապոստիլ տանելու համար եւ տեղեկացել, որ նշյալ համատեղ բնակարանը, մոր անունից վաճառվել է: Մորը բռնի ուժով դուրս են բերել բնակարանից, մինչ օրս չգիտի որտեղ է: Դիմել է Ոստիկանություն, իր խոսքով ասած «քրեականի տղաներին», նրանք Արմենին են տվել մոր մահվան թուղթը եւ ասել, որ նա թաղված է Կարմիր բլուրի գերեզմանատանը: Գնալով այնտեղ, տեղի ադմինիստրացիան ասել է, որ նման գերեզման իրենց մոտ չկա: Խալոյանն ասում է, որ վկայականը կեղծված է եւ անգամ կասկածներ ունի, որ մորը սպանել են:
1998թ․հոկտեմբերի 21-ին քաղաքացիներ ԼիզաՍարգսյանի (Արմենի մայրն է) եւ Դոնարա Դավթյանի միջեւ կնքվել է բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր։ Լիզա Սարգսյանը, ըստ պայմանագրի, մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամով բնակարանը վաճառել է Դոնարա Դավթյանին։ Խալոյանի մոտ առկա փաստաթղթերով, 2003 թ. շահադիտական նկատառումներից ելնելով, նոտար Էմմա Շաբոյանը անօրինական գործարք է կնքել, որի արդյունքում Արմենը դարձել է անօթևան:
Այս գործով դատարանն ավելի ուշ ԷմմաՇաբոյանինմեղավորէճանաչել, նրա նկատմամբ քերական հետապնդում հայտարարել, գործի վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Նրան ասել են, թե մայրը գամված է եղել անկողնուն, անգամ բնական կարիքները հոգալու համար զուգարան չի կարողացել գնալ: Բայց ինչպես է ստացվում, որ անկողնային հիվանդ կինն իր ոտքով Աջափնյակ վարչական շրջանից եկել, հասել է Բաղրամյան պողոտա, նոտարի մոտ՝ բնակարանի առք ու վաճառքի համար ստորագրությունը վավերացնելու համար: Արմեն Խալոյանը պնդում է, մոր ստորագրությունը կեղծվել է: Մայրը թոշակ է ստացել, փոստատարն է բերել եւ նա հաստատ հիշում է իր մոր իրական ստորագրությունը:
2004թ․ապրիլի 6-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջի նատյանի դատարանը դռնբաց դատական նիստում քննել է Արմեն Խալոյանի հայցն՝ընդդեմ ՀՀ Արդադատության Նախարարության առաջին նոտարական գրասենյակի եւ Դոնարա Դավթյանի բնակարանի կատմամբ կնքված առուծախի պայմանագիրը եւ վերջինիս հիմքով տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դատարանը վճռել է հայցը բավարարել, քանի որ խախտվել է հայցվոր Արմեն Խալոյանի սեփականատիրական իրավունքը, հայցվորին սեփականության իրավունքով պատկանող գույքը նրանից վերցրել են՝ անկախ իր կամքից։ Ուստի եւ դատարանը գտել է, որ նման պայմաններում պետք է վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը եւ անվավեր ճանաչել 21․01․1998թ․ տրված առուծախի պայմանագիրը եւ դրա հիմքով Դ․Դավթյանի անվամբ տրված թիվ 054314 սեփականության իրավունքի վկայագիրը։
Սակայն ամիսներ անց, նույն թվականի հոկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դռնբաց դատական նիստում պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Խալոյանի ընդդեմ ՀՀ ԱՆ առաջին նոտարական գրասենյակի եւ Դոնարա Դավթյանի՝ բնակարանի կատմամբ կնքված առուծախի պայմանագիրը եւ վերջինիս հիմքով տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանը վճռել է մերժել Արմեն Խալոյանի հայցը։
Իրենից կաշառք են պահանջել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, ինչի մասին ոստիկանության 6-րդ վարչությունում դիմում է գրել, սակայն որևէ արձագանք չի եղել:
Դիմել է նաև Արաբկիրի և Էրեբունու ոստիկանություն՝ նոտարի ու կադաստրի դեմ: Երկու գործով էլ ոչ մի տեղաշարժ չի ունեցել, «քանի որ հիմնական մասն իրար բարեկամ են իրավապահ համակարգում»:
Քրեական գործը
«Արաբկիրի քրեականի տղաները 2012-ին իմ հանդեպ շինծու քրեկան գործ հարուցեցին, հանձնարարական էր եկել վերեւից, որի համար մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Դատապարտվել եմ 5 տարի ազատազրկման»,-ասում է նա: Ազատության է վերադարձել պատժի ժամկետից մեկ տարի շուտ. նրա նկատմամբ կիրառվել է վերջին՝ 2013-իհամաներումը:
Նշենք, որ 2012թ-ի հոկտեմբերի 25-ին Խալոյանը գնացել է ոստիկանություն՝ ոստիկանապետին հանդիպելու նպատակով, որտեղ նրան ընդունել է ոստիկանապետի խորհրդականը: Ըստ Խալոյանի պատմածի, պաշտոնյան իրեն ասել է, որ ընկեր ունի եւ նա էլ կօգնի ետ բերել բնակարանը, սակայն Խալոյանը պիտի պատրաստ լինի: Ասել է թե «մաղարիչի» հաշիվ կա: Խլոյանն էլ հայտնել էր, որ անօթեւան է, գումար չունի, սակայն եթե պետք լինի, կփորձի գտնել: Հանդիպմանը նշյալ անձը 500 դոլար գումար է պահանջել եւ հայտնել, որ կհամոզի բնակարանի ներկայիս տիրոջը հրաժարվել դրանից: Խլոյանը նշյալ անձին է առաջարկել իր փոխարեն տալ գումարը, սակայն փաստաթղթով պայմանավորվել, որ փողը կգտնի ու ետ կվերադարձնի: Համաձայնությունը չի հաջողվել, եւ Խալոյանը գնացել է ԱԱԾ ու իրենից կաշառք պահանջելու մասին հայտարարություն տվել: Նշյալ անձի հանդեպ հարուցվել է քրեական գործ:
Արմեն Խալոյանից գումար պահանջելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել նշյալ պաշտոնյան, սակայն նրան առաջադրվել է խարդախության մեղադրանք, ոչ թե կաշառքի կամ կաշառքի միջնորդության, բացի այդ, պաշտոնյայի նկատմամբ կալանավորում չի կիրառվել՝ որպես խափանման միջոց: Ըստ Խալոյանի տեղեկատվության՝ նա պատիժ չի կրել ազատազրկման վայրում:
Խալոյանը փորձել է խնդիրը լուծել իրավական ճանապարհով, սակայն ծեծի է ենթարկվել ոստիկանությունում: Ոստիկանության պաշտոնյան, ըստ Խալոյանի իր ուղղությամբ է նետել սրածայր մետաղյա գրիչը, ինչից վնասվել է վերին շրթունքի հատվածը: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որին միջամտել են այլ ոստիկաններ: Ոստիկանությունում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով է նա դատապարտվել 5 տարվա ազատազրկման:
Ազատարձակվելուց հետո էլ Խալոյանը շարունակում է պայքարել իրենից խաբեությամբ գողացված գույքը ետ վերադարձնելու համար: Դատախազաությունից նրան ասել են, որ չի ապացուցվել նրա համասեփականատեր լինելու հանգամանքը: Սա տարօրինակ է, քանի որ այդ ամենն ապացուցված է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման մեջ: Վերաքննիչ դատարանն էլ մյուս կողմին ճանաչել է որպես բարխիղճ գնորդ: Սակայն այս որոշումով, ըստ Արմեն Խալոյանի, ինքը ճանաչվել է որպես երկրորդ համասեփականատեր, քանի որ բարեխիղճ գնորդ են ճանաչում այն անձին, որը չգիտեր երկրորդ սեփականատիրոջ մասին:
Արմեն Խալոյանը փաստաթղթերի տրցակներ ունի, մի քանի հատորներով: Հայաստանի տարբեր իրավական համակարգեր դիմած հաղորդագրություններով ու ստացված պատասխաններով: Խալոյանը հայտնում է, որ բոլորը կոծկում են գործը եւ իր հաղորդագրություններին ընթացք չի տրվում: Որ դատավորն իրեն ինչ է ասել, ին չորոշում է կայացրել, Խալոյանի մոտ բոլոր փաստաթղթերը առկա են: ՀՀ Ոստիկանությունը, Դատախազությունը, ՀՔԾ-ն իր դիմումներին այլեւս չեն պատասխանում, ասելով որ նախկինում պատասխան տրվել է: 2018թ-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Արմեն Խալոյանը հույս է ունեցել, որ ինչ որ բան կփոխվի: Դիմումներ է ուղարկել կառավարությանը: Անգամ հանդիպել ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին: Արմեն Խալոյանը մի քանի անգամ անձամբ է մոտեցել ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանին իր բնակարանի հարցը լուծելու համար: Մեզ հետ անմիջական զրույցում Արմենը հենց մեզ հարցրեց, թե եթե ես ունեմ բոլոր ապացույցները, այս գործին ինչու ընթացք չի տրվում: Չէ, որ նա էր ասում, թե համակարգային կոռուպցիան պետք է արմատախիլանել: Արմենի այս հարցին ցավոք պատասխանգտնել չկարողացանք:
Ներկա պահին
Խոսել ենք տարբեր իրավաբանների հետ, ովքեր ծանոթ են գործին: Ասում են, Արմեն Խալոյանին իրավապահ մարմինները իրենց հացավոր գործողություններով, իրենց անփութությամբ պարզապես ապօրինի ձեւով զրկել են սեփականության իրավունքից: Կա Նոտար եւ Կադաստրի ուժեղ մարդիկ, որոնք կարողանում են գործը դադարեցնել:
Ներկա պահին Արմեն Խալոյանը ապրում է դրսում, որտեղ պատահի, բայց ինչպես ինքն ասաց, հիմնականում Հանրապետության Հրապարակի մետրոյի շատրվանների տարածքում: Անօթեւանների կացարան չի գնա, քանի որ ավելի լավ է ապրի դրսում, քան թե գնա այնտեղ ու ապրի այնտեղի անմարդկային պայմաններում: Անօթեւան է, սոցնպաստ սակայն չի ստանում: Անձնագիր չի ունեցել, քանի որ հաշվառման վայր չունի:
Փաստենք, որ մեր երկրի իրավական համակարգն այն վիճակում է, որ եթե ունես անշարժ գույք եւ այն ապօրինաբար քեզնից խլել են, անձն իրեն պաշտպանելու ոչ մի հնարավորություն չունի: Խալոյանի 20 տարվա պայքարն այդ է վկայում: Ու թունելի վերջում լույսն այդպես էլ չի երեւում:
Իսկ ՀՀ Սահմանադրության 3-րդՀոդվածի 1-ին կետն ասում է.
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Լուսանկարները՝ Hetq.am
Հելսինկյան Ասոցիացիայի HRTV
Civilnet.am