Ինչպես է նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացել ուրիշի ավտոտնակին. «Հետք»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել է տիրանալ Երևանի կենտրոնում այլ անձի պատկանող ավտոտնակի։ Այդ գործարքը Մխեյանն իրագործել է Կադաստրի կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի անուշադրության կամ դիտավորության արդյունքում։ Ավտոտնակի իրական տերը ամիսներ շարունակ մի գերատեսչությունից մյուսն է գնում, իրավապահ մարմինների դռներն է թակում, վարչապետին նամակ է գրում, բայց ոչ մի կերպ չի կարողանում թղթերով իրենից խլված ավտոտնակը նախկին պատգամավորից հետ ստանալ։
Ինչպես իր լրագրողական հետաքննության մեջ ներկայացնում է Hetq.am-ը, Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան հարևանությամբ է գտնվում կենտրոնի բնակիչ Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակը։ Այն իրեն է փոխանցվել հորից։ Հայրն էլ 1981 թ.-ին Հայկական ՍՍՀ Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջսովետի գործկոմի բնակֆոնդի շահագործման և պահպանման վարչության թույլտվությամբ էր ավտոտնակը ձեռք բերել՝ փոխանակման արդյունքում։ Հոր մահից հետո` 2013 թ.-ին, ավտոտնակը հաշվառվել է Աշոտ Բաղդասարյանի անունով։ 2019 թ.-ի նոյեմբերին Աշոտը տեղեկանում է, որ իր ավտոտնակը վաճառվում է, վաճառողն էլ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երբեմնի ՕԵԿ–ական Գագիկ Մխեյանն է։
Մութ գործարքը Կադաստրում է: Գագիկ Մխեյանը Բաղրամյան 1 շենքի հարևանությամ 2003 թ.-ին գնել է ավտոնակ, որը Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակից մի քանի մետր այն կողմ է եղել։ Մխեյանն այդ ավտոտնակը ձեռք է բերել այլ անձից և 2013 թ.-ին Կադաստրում գրանցվել է հողի վարձակալության իր իրավունքը։ Նախկին պատգամավորը 2015 թ.-ին այդ 16․5 քմ ավտոտնակի հողի վարձակալության վճարները պատշաճ չի կատարել, որի համար Երևանի քաղաքապետարանը դատարան է դիմել և ընդդեմ Մխեյանի վճիռ է ստացել։ Այդ ավտոտնակը քարից և երկաթբետոնե կոնստրուկցիաներց է կազմված եղել։ Մխեյանին երբեմնի պատկանած ավտոտնակն ու ուրիշ այլ ավտոնակներ տարիներ առաջ դատարանի վճռով քանդվել են, այսօր տեղում եռահարկ շինություն կա։ Այսինքն` Մխեյանին պատկանած ավտոտնակը վաղուց գոյություն չունի։
2019 թ.-ի փետրվարին Գագիկ Մխեյանը դիմում է գրում Կադաստրի կոմիտեում և խնդրում է՝ իր գոյություն չունեցող ավտոտնակի փաստաթղթերում (Կադաստրի գործում) ուղղում կատարել։ Կադաստրի աշխատակից Սլավիկ Ժամկոցյանը Աշոտ Բաղդասարյանին պատկանող ավտոտնակի կադաստրային ծածկագիրը վերցնում և դնում է Գագիկ Մխեյանին ժամանակին պատկանած, սակայն այլեւս գոյություն չունեցող ավտոտնակի փաստաթղթերի տակ։ Այդ, այսպես կոչված, «սխալի ուղղման» արդյունքում Աշոտ Բաղդասարյանը զրկվում է իր ավտոտնակից, իսկ Գագիկ Մխեյանը դառնում է ավտոտնակի տեր։
Այդ «սխալի ուղղման» փաստաթղթի հիման վրա Մխեյանին հաջողվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրած որոշումը ստանալ` հողի վարձակալության ժամկետի երկարացման և հասցե տրամադրելու։ Հայկ Մարությանի որոշումը ստանալուց հետո Մխեյանը կրկին գնում է Կադաստր և Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակի նկատմամբ գրանցում իր սեփականության իրավունքը, իսկ ավտոտնակի հողի նկատմամբ՝ վարձակալության իրավունք։
Գագիկ Մխեյանին ժամանակին պատկանած և գոյություն չունեցող ավտոտնակը ունեցել է երկաթբետոնե հիմք` 14.3 քմ մակերեսով, քարե կոնստրուկցիա, իսկ Աշոտ Բաղդասարյանինը՝ երկաթյա, 16,5 քմ։ Ավելին, մինչ օրս ավտոտնակի մեջ կանգնած է Բաղդասարյանի հանգուցյալ հորը պատկանած «Ժիգուլին»՝ փոշին վրան։
Առավել մանրամասն կարդացեք Hetq.am-ում
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով:Մանրամասները՝ տեսանյութում։
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած. 1 պացիենտ մահացել է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությ...
Բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետն իրավունք ունի ծաղիկներ խոնարհելու, մենք՝ ո՞չ. լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի մոտ
Ծիծեռնակաբերդ տանող մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ Արայիկ Խանդոյանի եղբայր՝ Արարատ Խանդոյանի գլխավորությամբ ...