Ապատեղեկատվությունը երբեմն ավելի վնասակար է, քան վտանգավոր վարակները․ Կարապետյանը՝ պարգևավճարների մասին
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարտնչող դիլատանտի՞զմ, թե կենցաղային բամբասանք
Եռամսյակային պարգևավճարների թեման հերթական անգամ շահարկելիս, Երևանի Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը առանձին անդրադարձել է քաղաքապետի մամուլի քարտուղարի՝ իմ, և իրավական հարցերով խորհրդականի պարգևատրմանը: Ստիպված եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել այս հարցով.
Խաժակյանը, մասնավորապես, գրում է. «պարգևատրվել է նաեւ քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրևսորվի մեծածավալ վնասի փոխհատուցման տեսքով»:
Իրականությունն այն է, որ 2020թ. ապրիլի դրությամբ Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ 1500-ից ավելի դատական գործերից քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը 2019թ. մայիսից աշխատանքի ընդունվելուց ի վեր զբաղվում է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, միմյանց հետ սերտ փոխկապակցված միայն 2 (երկու) գործով, որոնք ըստ էության՝ մեկ գործ են («Սանիթեքին» վերաբերող): Այդ գործերից մեկով Սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/1719/04/19 գործով 11.03.2020թ.-ին հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի պահանջը ավելի քան 2.9 մլրդից ավել դրամի չափով, իսկ մյուս՝ ԵԴ/19172/02/19 գործով ներկայացվել է հակընդդեմ հայցադիմում՝ 2.5 մլրդ-ից ավել դրամի չափով, որի մասով գործը ընթացքի մեջ է:
Այսինքն, արձանագրենք, որ Խաժակյանի հիշատակումը «անբարենպաստ վճիռների» վերաբերյալ, պարզ ապատեղեկատվություն է:
Հաջորդը՝ գրելով քաղաքապետի խորհրդականի և մամլո խոսնակի պարգևավճարների մասին՝ Խաժակյանը նշում է, որ «ընտրովի» և «անարդար» պարգևատրում է տեղի ունեցել: Այսինքն, իբր, ոմանք պարգևատևրվում են, ոմանք՝ ոչ:
Դժվար է պատկերացնել, որ պարոն Խաժակյանի պես խորագիտակ և պրպտուն քաղաքական գործիչը չգիտի, որ աշխատակազմի անդամների մի մասը եռամսյակային պարգևավճարները ստանում է ամեն ամիս, իսկ մյուս մասը՝ եռամսյակը մեկ՝ միանգամից: Այսինքն, աշխատակիցների մի զգալի մասը, իրենց հասանելիք պարգևավճարները (փաստացի՝ ֆիքսված հավելավճար) ստանում են յուրաքանչյուր ամսվա վերջում, իսկ որոշները՝ այդ թվում քաղաքապետի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, եռամսյակը մեկ: Իսկ մարտ ամսվա ամբողջ պարգևավճարային ֆոնդը՝ 130 մլն դրամ, գումարած՝ քաղաքապետի աշխատավարձը ամբողջությամբ, ինչպես հայտնի է, փոխանցվել է բուժաշխատողներին: Շեշտում եմ՝ որեւէ պաշտոնյա, առավելեւս, վարչության պետ, ավել կամ պակաս պարբերականությամբ պարգեւավճար չի ստանում:
Արդ, ինչո՞ւ է Խաժակյանը փորձում հակառակը ներկայացնել: Արդյո՞ք մասնագիտական դիլետանտությունն է պատճառը, թե հանրությանը դիտմամբ մոլորության մեջ գցելու մղումը: Որքանո՞վ է հավանական, որ 1 միլիոնանոց քաղաքի Ավագանու 3 հոգանոց խմբակցության ղեկավարը չի կարողանում վերլուծել բաց հարթակում առկա տեղեկություններն ու հետեւություններ անել դրանից:
Անձամբ ես ուզում եմ հավատալ, որ Դավիթ Խաժակյանի գրառումն այս իմաստով անտեղյակության հետևանք է, այլապես կստացվեր, որ նա բավական անճոռնի կերպով, դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը՝ հատկապես շահարկելով առողջապահության ոլորտի նկատմամբ ներկայիս զգայուն տրամադրությունները: Դա է՛լ ավելի էժանագին հնարք կդիտվեր՝ հատկապես բուժաշխատողների նկատմամբ այս օրերին քաղաքային իշխանության դրսեւորած վերաբերմունքի ֆոնին:
Հ. Գ. Իսկ հիմա, թույլ տվեք կրկին հանրային հաշվետվություն ներկայացնել քաղաքապետարանում ստացած իմ վարձատրության մասին: Այսպես՝ պրն. Խաժակյանի նշած 560 հազար դրամը (որը երկու ամսվա հավելավճար է), հարկերից «մաքրելուց» հետո դառնում է ամսական մոտ 200 000-ական դրամ: Սա էլ եթե գումարում ենք իմ ամսական աշխատավարձին՝ 213 000 դրամին, ստացվում է, որ ես ստանում եմ ամսական շուրջ 410 000 դրամ: ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի վիճարկելու՝ որքանով է որեւէ հանրային ծառայող, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան արժանի իր վարձատրությանը, բայց նախեւառաջ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պատշաճ տեղեկություն ստանալու՝ առանց խեղաթյուրումների եւ մանիպուլյացիաների:
Եղե՛ք տեղեկացված եւ ստուգեք տեղեկատվության իսկությունը: Ապատեղեկատվությունը երբեմն ավելի վնասակար է, քան վտանգավոր վարակները»: