Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհու մոտ
Երեկ կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետի խոսքով՝ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոն հիվանդանոցի տուբերկուլոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդներն ու բարձր ռիսկի խմբի մարդիկ, սակայն վարակն առկա է:
«Էս պահին մենք Շիրակի մարզում ունենք մեկ մահվան դեպք, դա Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչն էր: 13 վարակակիրներ ունենք ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց հետ շփված անձանց օղակը բացահայտելու և լոկալիզացնելու քայլեր են իրականացվում: Հիմա, երբ մարդկանց մեծ մասը տանն են նստած, մեր ամբողջ գործողությունները միտված են ռիսկի շղթայի նվազեցմանը, և շատ կարևոր է, որ ամբողջությամբ կարողանանք նպատակակետին հասնենք»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: