Մեկուսացված ստեփանավանցիներից 6-ը շտապօգնության աշխատակիցներ են․ Hetq

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում այսօր հայտնել է, որ մարզում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է հինգի, նշել, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են։ Այս մասին գրում է hetq.am-ը։

«Մի քանի օր առաջ պարզ էր դարձել, որ վարակակիրներից մեկը Ստեփանավանի 70-ամյա բնակչուհի է, որը վերջերս էր վերադարձել Մոսկվայից։ Վերջինս ներկայումս գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ստեփանավանի ԲԿ համաճարակաբան Կարեն Մաղաքյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ այս պահի դրությամբ մեկուսացվել է 18 անձ, որոնցից 6-ը շտապ օգնության ծառայության աշխատակիցներ են։ Նրանք բոլորը մեկուսացված են Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորում գտնվող հանգստյան տանը։ Մաղաքյանի խոսքով՝ բոլորն ուղղակի շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ։ Նրանց կորոնավիրուսի ստուգման թեստ կարվի մեկուսացման օրվանից 14 օր անց»։

 

Ըստ աղբյուրի՝ Ստեփանավանում և հարակից գյուղերում այս պահի դրությամբ կան ինքնամեկուսացվածներ, որոնց Ստեփանավանի բուժկենտրոնի աշխատակիցները պարբերաբար ստուգում և հետազոտում են։

«Նրանց թիվն այս պահի դրությամբ 23 է, որոնց մի մասը նոր են ժամանել Ռուսաստանից և Թուրքիայից։ Արտակարգ դրության հաստատումից ի վեր մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 80։ Մաղաքյանն այդուհանդերձ նշում է, որ բժշկական կենտրոնը, հնարավոր վարակակրի մասին, կարող է իմանալ միայն այն դեպքում, երբ գրանցվի շտապ օգնության կանչ և նշում, որ առավել արդյունավետ պայքարելու համար լավ կլինի, որ պատկան մարմինները բժշկական կենտրոններին տեղեկացնեն օդանավակայաններից ժամանող քաղաքացիների վերաբերյալ, որպեսզի բուժհաստատությունը նախապատրաստվի հնարավոր դեպքերի արձագանքմանը»։

Լուրը ճշտելու համար hetq.am-ը փորձել է կապ հաստատել նաև պարետատան հետ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել,  օպերատորներից և ոչ մեկը չի պատասխանել զանգերին։

Քաղաքականություն

Պատահարներ