Ո՞ր դեպքում յուրաքանչյուր երեխայի համար կտրվի 26.500 դրամ. մանրամասնում է Զարուհի Բաթոյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն այսօր հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը, որը վերաբերում է մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում: Յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գումարը կկազմի 26.500 դրամ:

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
 Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումներն ընդունվում են ապրիլի 15-ից հետո):
 Աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
Ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում:


     Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու,
 - եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
- երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից.
 - երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
     

Անկախ 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 358-Լ և մարտի 30-ի թիվ 410-Լ, 411-Լ, 412-Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվելու նշված որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմելու սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար»:

Քաղաքականություն

Պատահարներ