«Վեոլիա Ջուր»-ը՝ ջրի միջոցով կորոնավիրուսի տարածման լուրերի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Հայտնի է, որ բարդ ժամանակների անխուսափելի ուղեկիցը տարատեսակ լուրերն են ու հանրային տագնապը: Ու որքան լարված է իրավիճակը, այնքան ֆանտաստիկ են դրանք դառնում՝ ասեկոսեների ժանրից երբեմն անցնելով դավադրության տեսության, չճանաչելով որևէ տրամաբանություն:
Օրերս լրատվական կայքերից մեկը հաղորդագրություն էր տարածել, որ վիրուսը կարող է տարածվել նաև ջրի միջոցով, եթե ջուրը մաքուր չէ:
Հստակ հայտնի է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ամեն «նյութ» չէ, որ կարելի է հրապարակել: ՀՀ ՊԱՐԵՏԱՏՈՒՆԸ հստակ պահանջներ է ներկայացնում այս կապակցությամբ, ինչը տվյալ կայքը անտեսել է: Արդյունքում մենք ունենք «նորություն», որն ընթերցողների գիտելիքները լրացնելու փոխարեն կարող է միայն խուճապ առաջացնել նրանց շրջանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, ըստ ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ncdc.am).
«Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝
- Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հետ սերտ շփման արդյունքում.
- Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կամ
- Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով»:
Խմելու ջրի միջոցով վիրուսը տարածվել չի կարող նաև այն պատճառով, որ սպառողներին մատակարարվելուց առաջ ջուրը կանխարգելիչ նկատառումներով պարտադիր ՔԼՈՐԱՑՎՈՒՄ է՝ դրանով իսկ բացառելով որևէ վարակի տարածում:
Եղեք առողջ ու մի հավատացեք FAKE լուրերին, իսկ հարցերի դեպքում դիմեք իրավասու կառավարման մարմիններին:
ՀՀ պարետատան թեժ գծի հեռախոսահամարներ՝
- 8141 – Հայաստանի տարածքից զանգ կատարելիս.
- +374 11208141 – արտերկրից զանգ կատարելիս.
- 060 83 83 00 – առողջապահական հարցերի դեպքում»: