ԶԼՄ-ները շարունակում են արատավորել Գարիկ Սարգսյանի անունը․ դիմել է ՄԻՊ-ին

«Իմ պաշտոնավարման հենց առաջին օրերից մամուլի էջերում, իրենց ԶԼՄ համարող որոշ կազմակերպությունների կայքերում ու թերթերում իմ մասին գրել են ամենալկտի ստեր, պարբերաբար ինձ մեղադրել են ու շարունակում են մեղադրել այս կամ այն «հանցանքի» մեջ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Իմ անձը արատավորող հրապարակումներ են անում: Սակայն, այս ընթացքում այդ գրածներից ոչ մեկի վերաբերյալ փաստական որևէ ապացույց չի ներկայացվել: Ավելին, ես ինքս կայքերից մեկի սուտ ու զրպարտող հրապարակման վերաբերյալ դիմել եմ դատարան:

Սակայն, ինչպես նկատում եմ, դատարան դիմելուց հետո էլ ԶԼՄ-ները կամ իրենց այդպիսիք համարողները չեն դադարում իմ մասին կեղտոտ ու սուտ հրապարակումներ անել: Այս առնչությամբ ես դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք հայտնաբերեն իմ մասին զրպարտություն ու սուտ հրապարակող անձանց, նրանց կեղծ ինֆորմացիա տվողներին և պատասխանատվության ենթարկեն:

Նշեմ, որ վերջիններիս հրապարակումները տարածում են նաև որոշ քաղաքական շրջանակներ ու ակտիվիստներ, որոնց մեկնաբանություններում հնչում է ատելության խոսք, վիրավորանք, ոչ միայն իմ, այլև մարզպետարանի աշխատակիցների հասցեին:

Այս խնդրի լուծման համար դիմում եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, նախկինում լրագրող աշխատած պատգամավորներ՝ Գայանե Աբրահամյանին, Հայկ Գևորգյանին, Վահագն Հովակիմյանին, Սարգիս Խանդանյանին, Սիսակ Գաբրիելյանին, Թագուհի Թովմասյանին, իրավապաշտպաններ՝ Արթուր Սաքունցին, Մարինա Պողոսյանին, Նինա Կարապետյանցին, Ժաննա Ալեքսանյանին, Վարդան Հարությունյանին, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Լևոն Բարսեղյանին, Աշոտ Մելիքյանին, Հասմիկ Բուդաղյանին, Արման Ղարիբյանին, Բորիս Նավասարդյանին և այն պրոֆեսիոնալ լրագրողներին, որոնք նույնպես բողոքում են այս տեսակների պահվածքից:


 

Քաղաքականություն