Վանաձորում կարի ֆաբրիկայի աշխատակցին կորոնավիրուսի կասկածով տեղափոխել են ստուգման. ՀԺ

Բժիշկների հատուկ անձնակազմը կորոնավիրուսով վարակված լինելու կամ կոնտակտավոր համարվելու պատճառով այսօր Վանաձորից մի քանի հոգու տեղափոխել է բժշկական հաստատություններ: Ըստ աղբյուրի՝ տեղափոխվածներից մեկը Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցն է: «Առավոտյան շտապօգնության մեքենան եկավ, համապատասխան հանդերձանքով մտան տարածք ու ինչ-որ մեկին տարան իրենց հետ»,- հայտնեց մեր աղբյուրը՝ նշելով, որ տվյալ քաղաքացին իտալացի է: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ կարի արտադրամասից տեղափոխվածը գործարանի հայ աշխատակից է: Այս մասին գրում է Armtimes.com-ը։ 

 

Այն, որ արտադրամասից մարդ է տեղափոխվել՝ փաստեցին տարածքում գտնվողները: ՀԺ-ի հետ զրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը սկզբում հերքեց, թե իրենց արտադրամասից այդ կորոնավիրուսի պատճառով մարդ է տեղափոխվել: «Շտապօգնություն, այո, եկել է,- ասաց տնօրենը,- բայց 2600 մարդ է աշխատում, ամեն օր էլ գալիս է շտապօգնության մեքենա, մարդիկ են, իրենց նաեւ վատ են զգում»: 

Դարբինյանը տարածված լուրերը սկզբում կապում էր գործարանի մրցակիցների հետ, հետո սակայն ասաց՝ իսկապես մարդ է տեղափոխվել, որը կոնտակտային անձ է, շփվել է Իտալիայից ժամանած իրենց աշխատակիցներից մեկի հետ. «Մի հատ իտալացի էր եկել, որին օդանավակայանից անմիջապես մեկուսացրել էին, բայց մարդը ոչ տաքություն ուներ, ոչ էլ ոչ մի բան, տարան 14 օր կարանտինում պահեցին, պարզվեց՝ մաքուր է թեստը»:

 

Բագրատ Դարբինյանի խոսքով՝ բացի այս 1 իտալացուց, եւս մեկ իտալացի է եկել գործարան, որը երեկ իրեն լավ չի զգացել, դիմել է բժշկական հաստատություն, այնուհետ արդեն եկել են գործարան այն անձի հետեւից, ում հետ անմիջական շփում է ունեցել: Արտադրամասի տնօրենը վստահեցրեց՝ մինչ օրս կարանտինում գտնվող, ինչպես նաեւ երկրորդ իտալացու մոտ ախտանշաններ չեն եղել, լինելու դեպքում, առաջինը իրենք կմտածեն արտադրամասը փակելու մասին. «Մենք էլ ենք շփվում, մենք էլ չենք ուզի վիրուս տանել մեր տուն»:

 

Այս ամենից բացի, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձորից եւս 2 հոգու են տեղափոխել ստուգման, ովքեր վերջերս են վերադարձել Իտալիայից: Նրանցից մեկն, ըստ մեր աղբյուրի, դպրոցի տնօրեն է:

Քաղաքականություն