Արցախում կրթական հաստատությունները մեկ շաբաթով դադարեցնում են իրենց աշխատանքները
Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն, քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ:
Նա ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները և նախանշում անելիքները:
«Եթե անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել պարապմունքները, ապա ուսուցիչները պետք է այդ ընթացքում աշակերտներին տնային առաջադրանքներ հանձնարարեն, իրականացվեն ճկուն աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, կայացվեն որոշումներ՝ արտաքին ընթացիկ ստուգումների, միասնական քննությունների մասով: Խնդիրը մեկն է՝ պահպանել առողջությունը, թույլ չտալ նոր կորոնավիրուսի ներթափանցումը և տարածումն Արցախում և, միաժամանակ, հասցնել յուրացնել ուսումնական ծրագրերը»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով հաճախելիության ցուցանիշներին՝ Նարինե Աղաբալյանն հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկած միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները. ընթացիկ շաբաթվա հաճախումները նորմայի շրջանակներում են:
«Ունեցել ենք հատուկենտ դպրոցներ, որտեղ բացակաների թիվը շատ էր. նման ցուցանիշներ գրանցվել են հիմնականում գյուղական այն բնակավայրերում, որտեղ սակավաթիվ են աշակերտները: Մարտի 11-ի դրությամբ, հանրապետության հանրակրթական դպրոցներում ունեցել ենք 9,2% բացակայություն, իսկ մարտի 12-ին՝ 8%. նվազումն ակնհայտ է»,- ավելացրել է նա։
Ինչ վերաբերվում է սուր շնչառական վարակներին և գրիպին, ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է կասեցնել հիվանդությունների տարածումը, որն էլ խիստ անհրաժեշտ է առողջապահական համակարգը չծարնաբեռնելու համար:
Նա վստահություն է հայտնել, որ ճիշտ գործողությունների արդյունքում կկարողանան կանխել նաև նոր կորոնավիրուսի տարածումը:
Այն հարցին, թե դասերի երկշաբաթյա դադարեցումը ինչպես պետք է լրացնեն, Նարինե Աղաբալյանը պատասխանել է. «Շատ կարևոր է ուսուցիչների և տնօրենների անելիքների ճիշտ բաշխումը: Պետք է անպայման բարձրացնենք յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության գիտակցումը. յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր, այլև իր շրջապատի առողջության համար: Գրիպով հիվանդ կամ ջերմություն ունեցող ուսուցիչները և աշակերտները չպետք է հաճախեն ուսումնական հաստատություն: Բաց թողնված դասերի լրացման ուղղությամբ կաշխատեն մեթոդական միավորման պատասխանատուները, առցանց հավելվածների միջոցով ուսուցիչներն աշակերտներին կկարողանան ստուգել և տեղեկանալ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին: Ըստ անհրաժեշտության՝ կրթական ծրագիրը կխտացնենք և համապատասխան այլ քայլեր կձեռնարկենք»:
Արցախում գործող օպերատիվ շտաբի խորհրդակցությանը, որը վարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, որոշում է կայացվել, որ նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական միջին մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքները մեկ շաբաթով՝ սկսած մարտի 14-ից:
Նմանատիպ հոդվածներ
200 անձինք մեկուսացված են. կորոնավիրուս - ԹԵԺ ԳԻԾ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջո...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք. Փաշինյան
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մաս...
15 հաստատված դեպք ունենք Հայաստանում. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...