Հասարակություն

Կացարան չունեցող տարեցների համար Հայաստանում փոքր տներ կկառուցվեն

WRed
Կացարան չունեցող տարեցների համար Հայաստանում փոքր տներ կկառուցվեն

Հայաստանում կացարան չունեցող տարեցների համար կկառուցվեն նոր ու հարմարավետ փոքրիկ տներ։ ՀՀ կառավարությունն ու «Avondglans» հիմնադրամի միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի` հիմնադրամը 100 հազար եվրո կտա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` համայնքային փոքր տների կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման համար։

 

«Ծրագիրը կյանքի կկոչվի երեք փուլով, նախ` կիրականացվեն տան գնման հետ կապված աշխատանքները, հետո նախագծային և վերանորոգման աշխատանքներ կտարվեն։ Վերջում ձեռք բերված տները նաև կկահավորվեն»,–ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։

Նրա խոսքով` տարեցների փոքր տունը նոր տիպի կառույց է, որն էականորեն տարբերվելու է այսօր գործող խնամքի տներից: Յուրաքանչյուր տանը կապրեն ոչ ավել, քան երկու տարեց, իսկ նրանց սենյակները կլինեն ոչ պակաս, քան 6 քմ։ Այժմ, ի դեպ, տարեցների խնամքի կենտրոններում 1 սենյակում բնակվում են 2-7 անձ, յուրաքանչյուր սենյակի մակերեսը կազմում է 5 քմ։

Օրենքի նախագծում նշվում է, որ փոքր տան բնակիչներն իրենք են կատարելու տան մաքրության, գնումներ կատարելու, կերակուր պատրաստելու, այգում աշխատելու և այլ աշխատանքները։ Իհարկե, իրենց ցանկությամբ և սոցիալական օգնականի աջակցությամբ:

Բացի այդ, փոքր տան բնակիչներն ապահովվելու են ոչ միայն կացարանով, անհրաժեշտ կահույքով, այլ նաև անկողնային պարագաներով, անկողնային և անձնական սպիտակեղենով, հագուստով, կոշկեղենով, օրը առնվազն երեքանգամյա սննդով, համապատասխան տնտեսական և հիգիենիկ պարագաներով, աշխատանքային զբաղվածությամբ (իրենց ցանկությամբ):

Հիշեցնենք, որ ՀՀ–ում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, որոնցից 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում շուրջօրյա խնամքի ծառայություններ են ստանում 1390 մարդ (որից 180–ը՝ ոչ պետական հաստատություններում), իսկ տնային պայմաններում սպասարկվում են ավելի քան 3800 մարդ։ Ցերեկային կենտրոններ են հաճախում շուրջ 2000 տարեց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250