Մենք ասում ենք, որ դա սովորական սպանություն չէր, այլ անհրաժեշտ պաշտպանություն. Խաչատուրյանների պաշտպան

Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը չի համաձայնել հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով հանցանքի  որակավորման հետ, հայտնում է mbk-news.appspot.com-ը:

Փաստաբան Մարի Դավթյանի փոխանցմամբ՝  Գլխավոր դատախզությունը չի ստորագրել գործի շրջանակում մեղադրական եզրակացությունը, քանի որ պատրաստ չէ հանցանքը որակել որպես մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածությամբ իրականացված սպանություն:

«Դա հենց այն է, ինչի շուրջ վիճում ենք քննության հետ: Մենք ասում ենք, որ դա սովորական սպանություն չէր, այլ անհրաժեշտ պաշտպանություն: Մինչդեռ քննությունն աղջիկների գործողությունը որակում է ամենածանր հոդվածով՝ նախնական պայմանավորվածությամբ խմբակային սպանություն»,-ասել է փաստաբանը:

Նա հավելել է, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, Գլխավոր դատախազությունը ևս դրանում անհրաժեշտ պաշտպանություն է տեսնում:

Հայտնի է, որ Մարիա, Անգելինա և Կրիստինա Խաչատուրյաններին մինչ 20 տարվա ազատազրկում է սպառնում 2018թ. հուլիսին հորը դաժաբաբար սպանելու համար: Սպանության պահին քույրերը եղել են 17,18 և 19 տարեկան: Քննության ընթացքում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկել դուստրերին:

Քաղաքականություն

Պատահարներ