Մարզադպրոցի տնօրենը 20մլն դրամի վատնում է իրանականացրել
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերեւույթ հանցագործությունների նոր դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի եւ սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա.Հակոբյանի անվան թենիսի եւ սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008թ. մինչեւ 2019թ. ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչներ են հրամանագրցվել 5 անձինք, որպես պահակ՝ 2 անձինք, ովքեր պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տեւական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից:
Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել եւ դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարներ, որոնք նրանք ստացել եւ տնօրինել են։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ եւ բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: