Աղքատության հաղթահարման ուղղությամբ արել ենք գործուն քայլեր, արդյունքներ կտեսնենք 2020–ին. Բաթոյան
Աղքատության հաղթահարման ուղղությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործուն քայլեր է արել, իսկ հաջորդ տարի ավելի լուրջ արդյունքներ կտեսնենք, այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նախարարը, նշելով, որ աղքատության ցուցանիշն արդեն երկու նիշով նվազել է, կարծիք հայտնեց, որ այս ցուցանիշը կպահպանվի:
«Աղքատության հաղթահարումը միայն սոցիալական ոլորտի խնդիր չէ, մենք մեղմում ենք աղքատությունը և սոցիալական նպաստի միջոցով աղքատության խորացումն ենք կանխում, բայց նպաստի և աջակցության միջոցով աղքատությունը վերացնելը շատ ռոմանտիկ է հնչում: Այսինքն՝ մենք պետք է ստեղծենք աշխատանքի հնարավորություն և կարիքի վրա հիմնված ծառայություն մատուցենք: Վստահ եմ, որ մենք աղքատության հաղթահարման ուղղությամբ արդեն արել ենք գործուն քայլեր, շատ ավելի լուրջ արդյունքներ, կարծում եմ, կտեսնենք 2020 թվականին, բայց դա միայն մեկ ոլորտի անելիքը չէ»,- ասաց նա:
Զարուհի Բաթոյանը հայտնեց նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող ծառայությունները վերանայել են, արդեն ունեն նախնական ցանկը, որում ներառված են նաև անձնական օգնականի կամ ուղեկցողի ինստիտուտը:
Լրագրողների խնդրանքով նախարարը նաև անդրադարձավ օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաների որդեգրման գործընթացում տեղ գտած իրավախախտումներին, ինչպես նաև վերջերս բացահայտված ապօրինի որդեգրման դեպքին՝ նշելով, որ այդ դեպքի վերաբերյալ որևէ մանրամասն չգիտի, ինչպես նաև չգիտի, թե ովքեր են ձերբակալված անձինք:
«Մենք ընդամենը ֆիքսել ենք, որ կա կասկածելի գործընթաց, բողոքը գրանցել ենք, դրանք ուղղել ենք իրավապահ մարմիններին։ Մեզ շատ են դիմել քաղաքացիներ, որոնք նշել են, թե մշտապես փորձում են երեխաներ որդեգրել, բայց իրենց ասում են, որ երեխաներ չկան»,-ասաց նա և նշեց, որ այդ արձագանքները հաճախ են լսել: