Լավ կլիներ, որ Հայկ Մարությանը հանդիպում կազմակերպեր լրագրողների հետ. Իվետա Տոնոյան
Ես ուրախ կլինեի, որ Հայկ Մարությանը հրապարակային հանդիպում կազմակերպեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ոչ թե այդ գործառույթը թողներ իր մամուլի խոսնակի վրա, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Բոլոր հնարավոր կամ անհնարին դեպքերում Հայկ Մարությանի այս կամ այն հայտարարության հերքման պատասխանատվությունը, ստանձնում է նրա մամուլի խոսնակը, և բացառություն է արվում միայն առանձին լրատվամիջոցների դեպքում ՝ քաղաքապետի կողմից»,- ասաց նա։
Իվետա Տոնոյանը, անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հնչեցրած մտքերին, նշեց՝ պարոն Ծառուկյանը որևէ խնդիր կամ հարց բարձրաձայնելուց առաջ ունի բոլոր հիմնավորումները և անհրաժեշտ փաստարկները։
«Նախ սկսենք նրանից, որ պարոն Ծառուկյանը ընդհանրապես որևէ կերպ իր հարցազրույցում չէր անդրադարձել շինարարությանը, որը իրականացվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից։ Փոխանակ հասցեական կամ բովանդակային որևէ հարց քննարկելու, քաղաքապետը նախապատմությունը տարատեսակ թեմանների արծարծման և կարևոր թեմայից շեղելու քաղաքականություն է որդեգրում։ Ինչ վերաբերվում է Աբովյան փողոցում տեղի ունեցող շինարարությանը, այսօր Ծառուկյանն ասաց, որ 2019 թվականի ապրիլի 18-ին քաղաքապետ Հայկ Մարությանը անձամբ՝ իր ձեռքով ստորագրել է այդ շինության նախագծման համապատասխան փաստաթուղթը, որին հետևել է շինթույլտվությունը»։
Դիտարկմանը, թե ով է տվել շինթույլտվությունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ինքը տեխնիկական մանրամասներին չի տիրապետում։ Միայն ավելացրեց, որ շինթույլտվության համար անհրաժեշտ փաստաթուղթ է։
«Բոլոր տեխնիկական մանրամասների համար կարող են դիմել «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, ով պատասխանատու է շինարարության իրականացման համար, ինչը տևական ժամանակ դատարանի որոշմամբ դադարեցված է՝ հարևան կառուցապատողի հետ առաջացած խնդիրների պատճառով»։
Դիտարկմանը, թե քաղաքապետը իր ելույթում նշել է, որ շինության երկու հարկ կառուցվել է առանց շինարարական թույլտվության, Իվետա Տոնոյանը պատասխանեց․
«Ես կրկնում եմ, որ Մարությանի կողմից տրված նախագծման թույլտվության մեջ ենթադրում է նաև շինթույլտվությունը։ նախնական փուլում տրվել է 11 հարկանի հյուրանոց կառուցելու մասով։ Մնացած հարցերով դիմեք ճարտարապետներին կամ կոնցեռնին, բայց բացառում եմ, որ կարող է ապօրինի գործընթաց տեղի ունենար»,- ավելացրեց նա։