«Վանաձոր» ՔԿՀ պետը պահանջել եւ ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի 23-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալից պահանջել և ընկերոջ օժանդակությամբ ստացել է խոշոր չափերով` 725.740 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև շահադիտական դրդումներով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես` Ա. Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՔԿՀ ծառայողները կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները չեն փակել, միջոցներ չեն ձեռնարկվել նրանց մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսներն ու արգելված այլ իրերն առգրավելու ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում խցերում կատարված խուզարկությունները կրել են ձևական բնույթ:
Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Ասրյանը, նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալից ստացած կաշառքի դիմաց նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին: Ընդ որում, կաշառքի գումարի մի մասը ՔԿՀ աշխատակցին է փոխանցվել էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:
Պարզվել է նաև, որ Արտյոմ Ասրյանը, ընդունելով նույն դատապարտյալի կողմից 100 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոս է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի և հանձնել դատապարտյալին:
Բացի այդ, Արտյոմ Ասրյանը տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես` տեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը ներքին կանոնակարգի խախտմամբ ձեռք է բերել և իր մոտ պահել արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս և հեռախոսաքարտ, որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալի մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու, վերցնելու և վերադասին զեկուցելու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: