«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել և սպանել է «սեփական» շանը. econews.am
Բնությունը պահպանելու կոչված կառույցի՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանն այսօր սեփական ռեստորանի տարածքում կրակել և սպանել է «սեփական» շանը:
Այս մասին ահազանգ է հնչել «Դինգո թիմ» ՀԿ կողմից՝ մեջբերելով ականատես Արփի Թագոյանի խոսքերը: Դեպքը տեղի է ունեցել առնվազն 4 ականատեսի ներկայությամբ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց ականատեսներից Արփի Թագոյանի հետ, որը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Մինչև կնստեինք, մոտեցա, նկարեցի շանը, ինքը ուզում էր խաղալ, խաղացի, տեսա նաև ձագ: Հետո քոթեջում նստել ենք, ուզում ենք հաց ուտել, մեկ էլ հանկարծ կրակոց լսվեց ու շան վնգստոց, անմիջապես վեր թռանք, պատուհանից տեսանք, թե ինչպես այդ շունը կաղալով, վնգստալով մտավ դիմացի մեքենայի տակ, ուզում էր թաքնվել, հետևից մի քանի տղամարդ, ձեռքին հրացան վազելով գնացին ու անմիջապես կրակեցին, մինչև մենք հասանք ու շունը միանգամից մահացավ: Բարձրաձայն լացելով գոռացել եմ, ասել եմ՝ ինչ եք անում, ոնց համաձարձակվեցիք, մոտեցան ասելով՝ ներողություն ենք խնդրում, որ սա ձեր աչքի առաջ եղավ, փչացրեցինք ձեր օրը... կես ժամ ներողություն էին խնդրում ոչ թե, որ շունեն սպանել, այլ՝ որ դա մեր աչքի առաջ է եղել, ասեցին՝ պիտի սպանեինք, բայց չպտիտի ձեր աչքի առաջ սպանեինք:
Այնպիսի խեղճ տեսքով շուն էր...
Հետո մոտեցավ ոստիկանությունը, թե բա ինչ անեն էտ մարդիկ, դա օրենքի բաց է, մեր քաղաքապետարանը դրանով չի զբաղվում, էտ ձեր ասած քրեական պատիժի օրենքը դեռ չի գործում: Լսեց ուշադիր, ասեց՝ հա շատ վատ բան ա արել և այլն, մենք խոսել ենք իր հետ, ու էտ օրենքը չի գործում, եթե շան տերն ա դա անում: Ամբողջ պատճառաբանությունը դա էր՝ չկա էտ թափառող շների հարցով զբաղվող»:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել:
«Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի... էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք... ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով: Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր... պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան:
Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ:
Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայինք՞, միանգամից էտ եզրակացությանը եկա... կարայի ես էտ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էտ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»... էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես...»,- մանրամասնորեն ներկայացրեց «բնության պաշտպանը»:
Ականատեսը նշել է, որ տարածքում նաև շան ձագ է նկատել և լուսանկարից կարելի է ենթադրել, որ սպանված կենդանին վերջերս ծննդաբերել է: Այստեղից ակնհայտ է դառնում մայր շան՝ ձագերին պաշտպանելու ցանկությունը: Ըստ ամենայնի՝ Սուրեն Աղաջանյանը սպանել է մայր շանը, իսկ ձագերի ճակատագիրն անհայտ է:
Այն, որ Սուրեն Աղաջանյանը բացարձակ անտեղյակ է թե՛ կատաղություն հիվանդությունից, թե՛ հրազեն կիրառելու օրինական կարգից, թե՛ կենդանու նկատմամբ պատասխանատվությունից, ակնհայտ է, իսկ թե իրականում քանի իրավական նորմ է խախտել Սուրեն Աղաջանյանը՝ ներկայացնենք ստորև:
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Իսկ քանի որ, ինչպես Սուրեն Աղաջանյանն է նշել, տարածքում կային «էրեխեք», ապա հոդվածը սահմանում է՝ նույն արարքը, որը կատարվել է՝ մանկահասակի ներկայությամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
Հրազենի ապօրինի կիրառում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․
Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով
Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
«Կատաղություն» հիվանդության տարածման վտանգ
Ըստ «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման «կատաղություն» հանդիսանում է կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն: Ուստի, եթե կենդանու մոտ առկա են հիվանդության նշաններ կամ չնչին կասկած, անհրաժեշտ է անհապաղ իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնք սահմանվում են «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ՍԿ 3.1.1-0-26-12 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ»-իի հրամանով և այլ իրավական նորմերով:
Այս դեպքում, եթե կենդանու մոտ առկա է եղել «կատաղություն» հիվանդություն, Սուրեն Աղաջանյանի ապօրինի գործունեության հետևանքով հնարավոր է ստեղծվի հիվանդության բռնկման օջախ:
Ինչպես նշել ենք, դեպքը տեղի է ունեցել «Գետափ» ռեստորանի տարածքում, որը «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի մասնավոր բիզնեսն է: Ի դեպ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարող և ԲՀՊՏ ղեկավարին պատկանող ռեստորանը փայտաշեն է:
Սուրեն Աղաջանյանը «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն է նշանակվել ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո՝ 2018թ.-ի օգոստոս ամսին: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս հասարակական լայն ծանոթություն ունեցող անձ է, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանի և Տավուշի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Վահե Ղալումյանի:
Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: