2013-ին կատարված սպանության փորձի գործով ՌԴ է գործուղվում դատախազ․ նոր մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ՀՀ դատախազության առաջին բաժնի պետ Լևոն Բաղդասարյանը գործուղվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված հրազենը և ռազմամթերքը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնից ստանալու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով:
Վարչապետի որոշման մեջ ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության դատախազության առաջին բաժնի պետ Լևոն Բաղդասարյանի՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված հրազենը և ռազմամթերքը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնից ստանալու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Բաղդասարյանի գործուղումը պայմանավորված է Դոնի Ռոստովում դեռևս 2013 թվականին կատարված սպանության փորձին:
«Տվյալ գործուղումը պայմանավորված է 2013թ․ փետրվարի 25-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կատարված սպանության փորձի վերաբերյալ՝ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի քննության շրջանակներում կոնկրետ իրեղեն ապացույց ճանաչված հրազենը և ռազմամթերքը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնից ստանալու, Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նշված դատական քննության շրջանակներում հետազոտելու անհրաժեշտությամբ»,- ասել է Աբրահամյանը:
Լրատվամիջոցի տեղեկություններով մահափորձը կատարվել է ոմն Արամայիս Ջոմարդյանի դեմ, մահափորձ կատարողը Տիգրան Հակոբյանն է, ով կալանավորված է:
Դատական տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Քեյանի կազմակերպմամբ և նրա պատվերով Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով Ա. Քեյանի հրամանով 2013թ․ հունվար ամսին մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք։
Սպանության իրագործման նպատակով քննությամբ չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2013թ․ փետրվարի 25-ը ապօրինի պահել Մակարով տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող յոթ հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործել է 2013թ․ փետրվարի 25-ին դոնի Ռոստով քաղաքի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ՝ Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ:
Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցրել, քանի որ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, որի հետևանքով Հակոբյանը դիմել է փախուստի․ իսկ Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց և ստացել բուժօգնություն։