20 վերելակից 12-ն արդեն ներկրվել է, բնակիչը դրա գումարը կվճարի 20-25 տարում
Երեւանի քաղաքապետարանը սկսել է բազմաբնակարան շենքերի վերելակները նորերով փոխարինելու գործընթացը: Փորձնական ծրագրով այս օրերին վերելակներ կտեղադրվեն առայժմ 10 վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումը՝ սկսված: 12 վերելակ արդեն ներկրվել է, եւս 8-ը ճանապարհին է:
Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Վերելակները փոխելու համար պետք է շենքի բաժնային սեփականատերերի համաձայնությունը: Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ համաձայնություն ունեն դեռեւս այս 20-ի դեպքում: «Քաղաքապետարանը մշակել է մոդել, որը, մեր նախնական գնահատմամբ, հնարավորություն կտա վերելակները փոխարինելիս բնակիչների ընտանեկան բյուջեներին առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չառաջացնել: Քանի որ վերելակները բաժնային սեփականություն են, ապա յուրաքանչյուր լուծում պետք է լինի բնակիչների ցանկությամբ: Որեւէ պարտադրանք այստեղ չի կարող լինել»,-նկատեց նա:
Ծրագրին մասնակցելու դեպքում բնակչի վրա վերելակի համար վճարվող գումարը կավելանա շուրջ 30 տոկոսով: Այսինքն, եթե հիմա ամեն բնակարան մոտ 1.600 դրամ է մուծում հնամաշ վերելակների սպասարկման համար, նոր ու անվտանգ վերելակների համար կվճարի շուրջ 2.000 դրամ:
Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:
Ամեն մի վերելակ կարժենա 10 միլիոն դրամից ոչ պակաս: Խոսելով վերելակների փոխարինման համար անհրաժեշտ ընդհանուր գումարի մասին, որի անհրաժեշտությունը, փաստորեն կա, քանի դեռ բնակիչներն այդ ծախսը չեն փոխհատուցել, Կարապետյանը նկատեց՝ դա ներառում է Կառավարության աջակցությունը, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցների ներգրավում, լինեն դրանք փոխառու կամ վարկային միջոցներ ու դրամաշնորհներ:
Վերելակները փոխարինելու նպատակով ծախսվող գումարների փոխհատուցումը նախատեսում են շուրջ 20-25 տարվա ընթացքում: Ըստ քաղաքապետարանի՝ սա այն բաշխվածքն է, որը հնարավորություն է տալու այսօրվա իրավիճակում քաղաքացիների կողմից վճարվող վերելակների սպասարկման վարձերի շուրջ 30%-ով ավելացման պարագայում ծածկել այս միջոցները:
Մնացած մասը հնարավոր կլինի ապահովել, օրինակ, նոր վերելակների էլեկտրաէներգիայի նվազ ծախսի, սպասարկման վճարների կրճատման շնորհիվ: Բացի այդ, քաղաքապետարանն առանձին ծրագրով նախատեսում է արեւային համակարգեր տեղադրել մայրաքաղաքի 90 շենքի տանիքներին, ինչը եւս կխնայի էլեկտրաէներգիան եւ կնպաստի ծախսերի կրճատմանը:
ՀԺ-ն Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ենթադրենք բազմաբնակարաններից մեկում ապրում է 20 ընտանիք եւ մի քանի տարվա ընթացքում այդտեղ է մնում ընդամենը 10-ը, ապա այդ դեպքում գումարն ինչպես է վերաբաշխվելու եւ արդյոք հնարավոր է, որ նման պարագայում բնակիչը վերելակից օգտվելու համար վճարի ոչ թե նախանշված 30 տոկոսով ավելի գումարը այլ շատ ավելի մեծ թիվ: Քաղաքապետի խոսնակը դա բացառեց, ասելով. «բոլոր ռիսկերը գնահատված են»:
Երեւանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան եւ ավելի հին է, այնինչ դրանք պետք է փոխարինված լինեին շահագործվելուց 25 տարի հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նշված 20 բազմաբնակարան շենքերը, որոնց վերելակները պետք է նորացվեն առաջին հերթին, քաղքապետարանից ավելի վաղ պարզաբանել էին, որ շենքերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:
Առաջին 20 բազմաբնակարանների ցանկն ավելի վաղ տեղեկացրել էինք: Դրանք հետեւյալն են. Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փ., 44 շ., Իսահակյան թաղ., 3/1 շ., Աջափնյակ վարչական շրջանում՝ Շիրազի 36 շ., 2-րդ մուտք, Շինարարների 15/2 շ., 2-րդ մուտք, Արաբկիր վարչական շրջանում՝ Համբարձումյան փ., 97 շ., 1-ին մուտք, Հ. Էմինի փ., 6 շ., Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշեն 4-րդ թաղ., 20 շ., Դավիթաշեն 1-ին թաղ., 3 շ., Էրեբունի վարչական շրջանում՝ Խաղաղ Դոնի 31 շ., 11-րդ մուտք, Խաղաղ Դոնի 1 շ., 12-րդ մուտք, Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան 38 շ., Սարյան 36 շ., Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի 20 շ., Անդրանիկի 22 շ., Նոր Նորք վարչական շրջանում՝ Դ. Մալյան 2 շ., 2-րդ մուտք, Գայի 41 շ., Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փ. 63/1 շ., 1-ին մուտք, Գ. Նժդեհի 27/1, 1-ին մուտք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դրոյի 4 շ., 4 -րդ մուտք, Թբիլիսյան խճ, 1 շ.:
Մինչեւ ամբողջական նախագծի մեկնարկը՝ Երեւանի քաղաքապետարանը 2020 թվականին նախատեսում է վթարավտանգ եւս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով: