Ապրանքի սխալ դասակարգում, արժեքի կեղծում. ինչ խախտումներ են անում ներմուծողները. Hetq.am

Այս տարվա հունվար-հոկտեմբերի ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 67 մաքսային ստուգում ներմուծմամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, որի ընթացքում արձանագրվել են 253 մլն դրամի խախտումներ։  Այս մասին հայտնում է  Hetq.am-ը:

 

Նշված 67 ստուգումներից 43-ի դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14 դեպքում՝ սխալ մաքսային արժեք, այլ բնույթի 7 խախտում, իսկ 3 դեպքում խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայատարարել է հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը։ «Երևի թե բոլորիս համար պարզ է, որ ցանկացած իրավախախտման դեպքում լավագույն միջոցը դրանց կանխարգելումն է։ Եվ մեր վերլուծական կարողությունների հզորացումը հենց միտված է լինելու դրան»,- նշել է Արմեն Սաֆարյանը։

 

Արձանագրված խախտումների հիմնական մասը կապված է ներմուծման ժամանակ հաշիվ-ապրանքագրի արժեքների մասին տվյալների խեղաթյուրման հետ։ Դա, ինչպես բացատրել է հետբացթողումային հսկողության վարչության պետը, տեղի է ունենում երկու տարբերակով՝ կամ արժեքները նվազեցնելու, կամ բարձրացնելու միջոցով։ Առաջին դեպքում ներմուծողները կարողանում են օրենքով նախատեսված չափից ավելի քիչ մաքսատուրք վճարել, երկրորդի դեպքում նվազեցնում են իրենց շահութահարկը։ «Սրանք երկուսն էլ իրենց նպատակներն ունեն։ -ը:

 

Նվազեցման դեպքում տնտեսավարողները հնարավորություն են ստանում ավելի քիչ մասքային արժեքներ վճարել։ Եվ հետագայում նաև թաքցնում են իրենց իրացման շրջանառությունը։ Հաջորդը ինվոյսային արժեքների բարձրացումն է։ Սրա նպատակն այն է, որ երբ մասքազերծման ժամանակ մաքսային վճարներ չեն պահանջվում, կամ չի գանձվում ԱԱՀ տվյալ ապրանքնի ներմուծման համար, ապա փորձ է արվում ուռճացնել ծախսերը և հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարել»,- ասել է Արմեն Սաֆարյանը։

 

Հաջորդ խումբն արտաքին տնտեսական գործունեության ցուցիչների խախտումներն են։ Տնտեսվարողները ներմուծում են մեկ ապրանք, սակայն այն ներկայացնում են մեկ այլ ապրանքի անվան ներքո։ Այստեղ ևս նպատակն ավելի քիչ մաքսատուրք վճարելն է։ Այսինքն՝ ներմուծվող ապրանքը ներկայացնում են ավելի քիչ մաքսատուրք պահանջող ապրանքի ներքո։ Արմեն Սաֆարյանը օրինակ է ներկայացնում. «Եթե տվյալ ապրանքատեսակի վրա կա ակցիզային հարկի պահանջ, այդ ապրանքը ներկայացնում են այլ խմբի ապրանքների անվան տակ (որոնցից չի գանձվում ակցիզային հարկ-հեղ.)՝ փորձելով խուսափել ակցիզային հարկից»։

 

Եվ ամենատարածված իրավախախտումների մյուս խումբը ներմուծվող ապրանքի քանակի թերհայտարարագրումն է, որը կրկին միտված է ավելի քիչ հարկեր վճարելուն։

Նախորդ տարիների համեմատ, ըստ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի, այս իրավախախտումների դեպքերը նվազել են։ Այնուամենայնիվ, պարբերաբար հայտնվում են տնտեսվարողներ, որոնք փորձում են իրավախախտումների ճանապարհով հասնել ներմուծման ժամանակ գանձվող մաքսային վճարներից խուսափելուն կամ դրանք պակաս վճարելուն։ Խախտումներն արձանագրելուց հետո կազմվում է արձանագրություն՝ վարչական ակտ։ Այն ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտին, որը կատարել է խախտումը։ Հաջորդում է խախտման արդյունքում արձանագրված գումարի գանձման փուլը։

 

«Մեր գործարարները շատ հնարամիտ են։ Կան երկրներ, որտեղից ներմուծումներն իրենք իրենցով արդեն իսկ ռիսկային են։ Դրանք այն պետություններն են, որտեղ հնարավոր է ինվոյսների կեղծում, և այս պետությունների հետ իրականացված գործարքներն առավել ռիսկային են համարվում, մեր կողմից առավել մանրակրկիտ են ուսումնասիրվում։ Նրանց թվում են Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Խնդիրներ ունենք նաև Թուրքիայի հետ, որովհետև այս երկրից ներմուծվող ապրանքները Վրաստանում վերաձևակերպվում են, և այն ինվոյսները, որոնք ներկայացվում են մեզ, արդեն վերաձևակերպված են լինում, այստեղ նույնպես շատ դեպքերում աղավաղված են տվյալները»,- նկատեց ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը։

 

Հավելենք, որ այս տարի հաստատվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության կանոնադրությունը, որով սահմանվել են վարչության նոր կառուցվածքը և ստորաբաժանումների գործառույթները: Վարչությունն ունի 5 բաժին, որոնք կատարում են մաքսային ստուգումներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ, հսկողություն և դիտարկումներ։

Քաղաքականություն